Պատմության մեջ այս օրը՝ 1976թ. հուլիսի 4-ին, հրեական հատուկ ծառայությունները և հատուկջոկատայինները կարողացան գրոհով ազատել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում պահվող հրեա պատանդներին:
1976թ. հունիսի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, որոնք ներկայացնում էին «Հեղափոխական բջիջներ» և «Պաղեստինի ազատագրության ազգային ճակատ» ահաբեկչական խմբավորումները, պատանդ են վերցնում Թել Ավիվից դեպի Աթենք, այնուհետև Փարիզ թռչող ինքնաթիռը: Ինքնաթիռը Փարիզի փոխարեն հայտնվում է լիբիական Բենգազիում: Ահաբեկիչներին 7 ժամով իր պետության տարածքն էր տրամադրել Քադաֆին:

Հետագայում պարզ դարձավ, որ ահաբեկիչները պահանջում էին հրեական բանտերում գտնվող պաղեստինցի ահաբեկիչների ազատ արձակումը: Բնականաբար, ահաբեկիչների ձեռքում գտնվող ինքնաթիռը պետք է հայտնվեր այնպիսի երկրում, որի ղեկավարությունը գրկաբաց կընդուներ նրանց: Այդ երկիրն Ուգանդան էր, որի ղեկավար բռնապետ և մարդակեր (երբեմն սառնարանում պահված սպանված քաղաքական հակառակորդների միսն էր համտես անում) Իդի Ամինն էր, ով պարզապես ատում էր հրեաներին և լուրջ խնդիրներ ուներ Իսրայելի հետ: Երբ ինքնաթիռը հայտնվեց մայրաքաղաք Կամպալայի «Էնտեբե» օդանավակայանում, և պարզ դարձան ահաբեկիչների պահանջները, հրեաները երկու տարբերակ ունեին՝ կա՛մ կատարել պահանջները, կա՛մ գրոհով ազատել պատանդներին: Վերջիվերջո, վարչապետ Ռաբինը գեներալ Դոն Շամրոնի, ՊՆ Շիմոն Պերեսի և զինված ուժերի հրամանատար Բենյամին Պելեդի հետ երկարատև խորհրդակցություններից հետո որոշում է գործողություն իրականացնել: Գործողության ճանապարհային քարտեզի համաձայն՝ երկու ինքնաթիռ կոմերցիոն թռիչքով թռչելու էին դեպի Քենիա, որը միակ երկիրն էր այդ շրջանում, որը Իսրայելի հետ խնդիր չուներ: Այնուհետև Նայրոբիից Հերկուլես տիպի ինքնաթիռներ էին բարձրանալու, որոնցում լինելու էին ոչ միայն հատուկ ծառայության և այլ ուժերի մարտիկները, այլև մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա:

Գործողությունը սկսվեց հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը: Ինքնաթիռները թռչում էին Կարմիր ծովի վրայով աննշան բարձրության վրա, որպեսզի չֆիքսվեն ոչ մեկի կողմից: Հետագայում Նայրոբիից դեպի Կամպալա թռիչքի ընթացքում նրանցից շատ ավելի բարձր զուգահեռ թռչում էին իսրայելական կործանիչներ, որոնք զիված էին այնպիսի սարքերով, որոնց միջոցով հնարավոր էր լինում խոտան առաջացնել հակառակորդի ռադարներում: Հրեաները նաև «Մերսեդես» մակնիշի մեքենա էին տեղափոխում ինքնաթիռով այն պարզ պատճառով, որ Իդի Ամինը հենց «Մերսեդես» մակնիշի մեքենայով էր գալիս օդանավակայան և այցելում պատանդներին: Խնդիրն այն էր, որ նրանք չպետք է կասկածներ հարուցեին ուգանդացի զինվորների մոտ, որոնք պահպանում էին պատանդների պահման վայրի մուտքը: Երբ առաջին Հերկուլեսը վայրէջք կատարեց օդանավականում, անմիջապես մի խումբ հրեաներ, որոնք դիմահարդարման միջոցով ուգանդացու տեսք էին ստացել, «Մերսեդեսով» ուղևորվեցին պահակակետերի մոտ: Զինվորները պատիվ տալուց հետո անմիջապես ոչնչացվեցին «Մերսեդեսում» գտնվողների կողմից: Հետագայում արդեն ինքնաթիռներից դուրս եկան հատուկջոկատայինները և մոտ 1 ժամվա գործողությունից հետո ազատեցին պատանդների զգալի մասին: 106 պատանդից զոհվեցին ընդամենը 4-ը, որից 3-ը սպանվեցին կրակահերթերի ընթացքում, իսկ մեկը, որը ավելի վաղ հայտնվել էր հիվանդանոցում, գործողությունից հետո անձամբ սպանվեց Իդի Ամինի կողմից: Հատուկջոկատայինների շարքերում գրանցվեց ընդամենը 1 զոհ` հատուկ ջոկատի հրամանատար վարչապետ Նեթանյահուի ավագ եղբայր Յոնաթան Նեթանյահուն: Պատմության մեջ այս իրադարձությունը մտավ «Գործողություն Էնտեբե» անվանմամբ:

Հ.Գ. Շիմոն Պերեսն իր հուշերում գրում էր, որ այդ ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Բենյամին Պելեդը հետաքրքրվել է՝ իրենից արդյո՞ք նա պատրաստվում է գրավել ամբողջ Ուգանդան։ Ես նրան հարցրի՝ ո՞րն է տարբերությունը, նա նշեց, որ «Էնտեբե»-ի գրավման համար 100 զինվոր է հարկավոր, իսկ Ուգանդայի գրավման համար՝ 500: Ես նշեցի, որ ես կսահմանափակվեմ «Էնտեբե»-ով: Ուգանդան գրավելու անհրաժեշտություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել