Հունիսի 12-ին հայ ժողովրդի պատմության մեջ երկու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Նախ՝ պատմության մեջ այս օրը՝ 1724 թ. հունիսի 12-ին, Կոսնտանդնուպոլսում ռուսական դեսպան Ադրիան Նեպլուևը և թուրքական ներկայացուցիչ Իբրահիմ Փաշան ստորագրում են պայմանագիր, որի համաձայն՝ կողմերը տարածաշրջանում կատարեցին ազդեցության գոտիների բաժանում: Թուրքերը ճանաչեցին Ռուսաստանի տիրապետությունը` Դերբենդից մինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջանները: Փոխադարձաբար ռուսները ճանաչեցին թուրքերի իրավունքները Իրանի այսրկովկասյան տիրույթների նկատմամբ, ներառյալ` Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Կապանի մարզերը, ինչպես նաև նրանց տիրապետությունը Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս և Թավրիզ-Քերմանշահ գծից դեպի արևմուտք ընկած իրանական հողերի վրա: Պայմանագրով թուրքական կողմը հնարավորություն ստացավ հարձակման անցնելու տարածաշրջանում: Հարվածի տակ հայտնվեցին Արցախի և Սյունիքի մելիքությունները:

Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագրով չէր կարելի միջամտել կողմերի գրաված երկրամասերի գործերին, ուստի ռուսական արքունիքը պարբերաբար խուսափողական պատասխաններ էր տալիս օգնություն խնդրող հայերի նամակներին: Հատկանշական է, որ պայմանագրի կնքումից առաջ ռուսական կողմը հայկական և վրացական ուժերին խոստումներ տալով ոտքի էր հանել նրանց պայքարի: Փաստացի, ռուսական կողմը կեղծ խոստումներով ոտքի հանեց հայերի և վրացիներին, ինչպես նաև զուգահեռաբար հայկական տարածքների վրա թուրքական գերիշխանությունը ճանաչող պայմանագիր կնքեց թուրքերի հետ: Այդպիսով, ինչպես նշվեց, թուրքերն այդ պայմանագրով հնարավորություն ստացան հարձակում կազմակերպելու Անդրկովկասում: Իսկ նույն ժամանակ թուրքական կողմի ներկայացուցիչը Էջմիածնի կաթողիկոսին հանդիմանում էր՝ նշելով, որ հայերը ռուսներին բերել են տարածաշրջան և թանկ են վճարելու:

Եվ երկրորդն այն է, որ այդ ամենից 179 տարի անց` արդեն 1903 թ. հունիսի 12-ին, ռուսական կայսր Նիկոլայ 2-րդը ընդունեց հայ եկեղեցու ունեցվածքի բռնագանձման մասին տխրահռչակ որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել