Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքի ու Բակո Սահակյանի պատասխանի մասին տարբեր վերլուծությունները, լրագրողների ու օգտատերերի կարծիքները հետաքրքիր պատկեր են բացահայտում։ Ընդհանուր առմամբ այն տեսակետն է գերիշխում, թե Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները հասել են չհասկացվածության ամենաբարձր մակարդակին, և անջրպետը գնալով խորանում է։

Կարծիքներ կան նաև, թե երկու երկրների ղեկավարները միմյանց հետ սկսել են խոսել ու հակադարձել լրագրողների միջոցով, ինչն, ինչ խոսք, տհաճ երևույթ է։ Մոտս հռետորական հարց է առաջանում․ այսպիսի կարծիքներ ունեցող «տրամաբանորեն մտածողներն» այսքան ժամանակ ո՞ւր էին, երբ մեկ տարի շարունակ նշում ենք հայկական երկու հանրապետությունների միջև արհեստական հակադրության ստեղծման և դրա անդառնալի ռիսկերի մասին։

Շուրջ մեկ տարի շարունակ Արցախի նախագահը հավասարակշիռ և ռացիոնալ մոտեցում է ցուցաբերել՝ ամեն ջանք գործադրելով երկկողմանի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Եվ այս պարագայում, եթե հարցեր և մտահոգություններ կան, ապա դրանք պետք է ուղղել ՀՀ վարչապետին, քանի որ նա է ամեն քայլափոխի «անտեսանելի դավադիրների» փնտրում՝ փորձելով բաժանարար գծեր անցկացնել հայկական երկու հանրապետությունների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել