«Ադեկվադ» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբն իր զորակցությունն է հայտնում ՎԵՏՕ հասարակական նախաձեռնությանը և վերահաստատում իր անդամների ելույթներում բազմիցս հնչած այն միտքը, որ օտարերկրյա գործակալների գործունեությունը Հայաստանում պետք է խստորեն վերահսկվի պետության կողմից: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ, որը զերծ կպահի ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա գործակալական ցանցի վնասաբեր ազդեցությունից, իսկ ՀՀ պետական հիմնարկները` դրանց ներթափանցումից:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը», ինչպես նաև Հայաստանում գործող տասնյակ այլ հիմնադրամներ և ՀԿ-ներ հանդիսանում են օտարերկրյա օրակարգի սպասարկուներ: Օրակարգ, որը տարիներ շարունակ միտված է եղել հայկական պետականության քայքայմանն ու հասարակության պառակտմանը: Այդ գործունեության վառ դրսևորում էր 2018 թ. գարնանը Հայաստանում սկսված իշխանության զավթման գործընթացը:

Վերոհիշյալ կազմակերպությունները Հայաստանում կատարում են այն սև աշխատանքը, որն, ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, օտարերկրյա դեսպանատները չեն իրականացնում անմիջականորեն, այլ նախընտրում են գործել միջնորդների ներգրավմամբ: Առանձնահատուկ մտահոգություն է հարուցում այն, որ այդ կազմակերպությունների օրակարգը և հաճախ նույնիսկ հռետորաբանությունը կրկնում են Ադրբեջանի պետական կառույցների օրակարգն ու հռետորաբանությունը: Ըստ էության, նրանք գործում են հայատյացության ռազմավարության շրջանակներում:

Մենք հետևողականորեն պայքարելու ենք, որպեսզի օտար պետությունները զերծ մնան Հայաստանի ներքին գործերին խառնվելուց` առաջին հերթին թիրախավորելով հենց այդ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին: Մեր հանրությունը պետք է տեղեկացվի այդ երկրների հայատյաց գործունեության տնտեսական հիմքերին և քաղաքական հաշվարկներին հետագայում մեկընդմիշտ դրանցից ազատվելու նպատակով: Ըստ այդմ՝ մենք շարունակելու ենք քաղաքացիական, քաղաքական և այլ հարթակներում մերկացնել այդ կառույցներին, պետություններին, դրանց դեսպանատներին, աշխատակիցներին և տեղական կոլաբոռացիոնիստներին` շարքային քարոզչից մինչև ՀՀ նախագահ և վարչապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել