Այսօր՝ մայիսի 28-ին, պետք է թնդար տոնը: Չլիներ մայիսի 28-ով խորհրդանշվող հայկական պետականության վերահիմնումը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, չէր լինելու այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, մեծ հաշվով՝ չէր լինելու Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումների ընթացքը: Այն դառնալու էր պատմագրության մեջ հիշատակվող մարդկության պատմության հրեշավոր մի դրվագ։

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետությունում ամենուր՝ գյուղերում և քաղաքներում, պետք է հորդար ուրախությունը, ամեն թաղամասում հնչեր զուռնան, զարկեր թմբուկը, պարվեր հզոր քոչարին, փողոցները, բակերը, այգիները լեցուն լինեին տոնական հագնված մարդկանցով, մթնոլորտը հագեցած լիներ տոնով, ուրախ հույզերով, ժպիտներով, ծիծաղով, խինդով, խորովածի և գաթայի հոտով... 

Այսօր՝ մայիսի 28-ին, բոլոր մեքենաները պիտի փողոց դուրս գային պետական խորհրդանիշներով տոնականորեն զարդարված, իսկ Երևանի կենտրոնը փակ լիներ մեքենաների համար՝ ազատելով տարածքը ողջ օրը տոնահանդեսին մասնակցող մարդկանց համար։ 

Այսօր՝ մայիսի 28-ին, ամենուր պետք է տոնավաճառներ աշխատեին։

Այսօր՝ մայիսի 28-ին բոլոր խանութներում պետք է Կոմիտաս հնչեր։

Այս օրվա՝ մայիսի 28-ի տոնահանդեսին մասնակցելու համար հարյուրհազարավոր հայեր պիտի գային Հայաստան՝ հաստատելով Հայաստանի պետականության անսասանության հանդեպ իրենց համոզմունքը, ուրախությունը, նրանց պիտի դիմավորեին տոնական զարդարված օդանավակայանն ու Հայաստանի հիմնի երաժշտությունը: Նրանք պիտի մտնեին տոնականորեն զարդարված փողոցներ, որոնցում հորդում է տոն նշող բնակչությունը, տոնական երաժշտությունը։ 

Այսօր՝ մայիսի 28-ին, մեկ օրով ներքաղաքական տրանսպորտը պիտի անվճար աշխատեր։ 

Այսօր՝ մայիսի 28-ի երեկոյան, Երևանի Հանրապետության հրապարակում և բոլոր գյուղերի ու քաղաքների հրապարակներում պիտի փառաբանվեին Հայաստանի պետությունն ու պետականությունը։ 

Այսօր՝ մայիսի 28-ին, պիտի փառաբանվեր Հայ յեղափոխական դաշնակցությունը, իսկ ՀՀ բոլոր պաշտոնական կառավարական շենքերը զարդարեին հայոց պետականության հիմնադիր հայրերի նկարներն ու լուսանկարները՝ իրենց սիմվոլներով՝ սկսած Պարույր Սկայորդուց, Արշակունիներից, Արտաշեսյաններից, Բագրատունիներից, վերջացրած Հայաստանի առաջին հանրապետության կառավարության անդամներով։ 

Այսօր մենք կուսակցական վեճեր չպիտի ունենայինք, պետականության նման արժեքի շուրջ հայացքների ու ճաշակների պայքարը մայիսի 28-ին պիտի մեկ օրով դադարեր։

Այսօր պետականության ու պետության տոն է, որի կարևորության շուրջ մենք տարակարծություններ չունենք: Այդ արժեքին սովորելու համար մենք մայիսի 28-ին պետք է հզոր տոն ունենայինք, որն ամեն տարի պիտի հաստատեր պետականություն ունենալու մեր անվերապահ համոզմունքը և այդ համոզմունքը ժառանգեր սերունդներին: Ժառանգեր նաև տոնի, տոնահանդեսի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել