Ինչպես արդեն տեղեկացվել էր, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցելություն է կատարել Արցախի Հանրապետություն։ Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի դատական համակարգում առկա հիմնախնդիրները, որի ընթացքում Արման Մկրտումյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բարեփոխումները։ Արման Մկրտումյանը միաժամանակ առաջարկել է աջակցել ԼՂՀ դատական համակարգի զարգացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության արդյունքում ոլորտ առ ոլորտ իրականացնել բարեփոխումներ։ Հանդիպման ընթացքում կարեւորվել է ինչպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դատական համակարգերի, այնպես էլ դատական ծառայությունների միջեւ անմիջական կապերի ամրապնդումը։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատական համակարգում բարեփոխումների իրականացման դրույթները մանրամասն ներկայացրել է նաեւ ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի եւ դատավորների հետ կայացած հանդիպման ընթացքում։ Այստեղ առավել հստակեցվել են Հայաստանի եւ Արցախի դատական համակարգերի մշտական համագործակցության եզրերը: ՀՀ վճռաբեկ դատարանի և ԼՂՀ գերագույն դատարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում քննարկվել են համագործակցության և իրավական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև փորձի փոխանակման արդյունավետ ձևերը: Հանդիպման ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, կարևորելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը, ներկայացրել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում կատարված վերջին հարցումների արդյունքները, ըստ որի Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ 70 տոկոսը ամբողջությամբ կամ վերապահումներով վստահում է դատական համակարգին: Խոսելով Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների արդյունքների մասին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նաև Ամերիկյան Իրավաբանների ասոցիացիայի կողմից կատարված՝ «Դատաիրավական բարեփոխումների ինդեքս» գնահատման արդյունքները և նշել, որ բարեփոխումների գնահատման համաձայն Հայաստանում դրական տեղաշարժ է նկատվել կարևոր 7 գործոններում: Մասնավորապես բարելավել է դատավորների նշանակման գործընթացը: Հետազոտողներն արձանագրել են, որ դատավորները նշանակվում են օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա, ինչպիսիք են որակավորման ստուգումը, իրավագիտության ֆակուլտետում ուսման առաջադիմությունը, մասնակցությունն այլ վերապատրաստման ծրագրերին, փորձը, արհեստավարժությունը և իրավաբանների շրջանում վայելած հեղինակությունը: Միաժամանակ արձանագրվել է, որ դատավորների առաջխաղացումն իրականացվում է դատական համակարգի կողմից՝ օբյեկտիվ չափանիշների հիման վրա, ինչպիսիք են կարողությունները, մասնագիտական գիտելիքների և ազնվության բարձր չափանիշները և փորձը: Գնահատման եզրակացությամբ փաստվել է նաև, բարելավվել է դատական գործերի բաշխման գործոնը, արձանագրվել է, որ դատավորների միջև գործերը բաշխվում են օբյեկտիվ կարգով, օրինակ՝ պատահական բաշխմամբ, կամ՝ համաձայն նրանց հատուկ մասնագիտացման ոլորտի: Ամփոփելով պաշտոնական այցը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նշեց, որ այսուհետեւ Հայաստանի եւ Արցախի դատական ոլորտում ավելի կընդլայնվի համագործակցությունը, ավելի հաճախակի կլինեն փոխադարձ այցելությունները։

Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Արցախի և Հայաստանի դատավորների միությունների միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել