Հրեա հայտնի գիտնական Մարդեխայ Վանունուն 1980-ականներին աշխատում էր իսրայելական Դիմոն քաղաքում գտնվող ատոմային ուսումնասիրությունների կենտրոնում: Լինելով իր գործի պրոֆեսիոնալ նա հսկայական քանակության գաղտնի ինֆորմացիայի տիրապետող անձ էր: 1985թ. տեղեկանալով, որ ղեկավարությունը պատրաստվում է ձերբազատվել նրանից, նա գաղտնի կերպով ուսումնասիրությունների կենտրոն բերեց ֆոտոխցիկ և սկսեց լուսանկարել կենտրոնում առկա գաղտնի նյութերը, որոնք վկայում էին այն մասին, որ Իսրայելը ատոմային զենք ունի: Հարկ է նշել, որ նա դեմ էր այն բանին, որ Իսրայելը ատոմային տերություն դառնա: Հետագայում նա կարողացավ տեղափոխվել Ավստրալիա, որտեղ ծանոթացավ լրագրող Օսկար Հերերոյի հետ, ով համոզեց նրան տրամադրել ամբողջ ինֆորմացիան բրիտանական մամուլին: Բրիտանական «Sunday Times» պարբերականի հետ զրույցում Վանունուն նշել էր, որ Իսրայելը իրականացնում է ատոմային ծրագիր և ունի ատոմային զենք: Նա նաև մանրամասնորեն ներկայացնում էր, թե Դիմոնում գտնվող գաղտնի կոմպլեքսի ստորգետնյա հարկերում ինչեր էր կատարվում: Հարցազրույցը դեռ չէր հրապարակվել, երբ իսրայելական «Մոսսադ»-ը տեղեկացվել էր այն մասին, որ Վանունուն գերգաղտնի տեղեկությունն է հաղորդում օտարերկրացիներին: Վարչապետ Շիմոն Պերեսը անձամբ է հրահանգում ձերբակալել Վանունույին և բերել Իսրայել՝ դատարանին հանձնելու համար: Այդ ժամանակ Վանունուն լավ իմանալով հրեաների հատուկ ծառայությունների երկար ձեռքերի մասին, գտնվելով Լոնդոնում այնուամենայնիվ երկար ժամանակ չէր մնում նույն հյուրանոցում և անընդհատ տեղափոխվում էր: Իսկ մնացած ժամանակ նա ընդհանրապես իր սենյակից դուրս չէր գալիս: Սակայն 1986թ. սեպտեմբերի 24-ին նա որոշեց ռիսկի դիմել և զբոսնել: Լոնդոնյան Լեսթեր-Սքվեր փողոցի վրա նրա ուշադրությունը գրավեց Չարլի Չապլինի քանդակը զննող մի շիկահեր կին: Վանունուն ծանոթացավ նրա հետ: Աղջիկը ներկայացավ նրան, որպես ամերիկուհի Սինթիա Հանին: Նրանք մի քանի օր շփվեցին և Սինթիան կարողացավ համոզել Վանունույին իր հետ մեկնել Հռոմ: Հարկ է նշել, որ թերթի խմբագրության լրագրողները և ընկերները կտրականապես դեմ էին այն բանին, որ Վանունուն լքեր երկիրը, սակայն Վանունուն մեկնեց: Հռոմ հասնելուն պես նրանք ուղևորվեցին դեպի աղջկա բնակարան: Ներս մտնելուն պես Վանունուն ձերբակալվեց «Մոսսադ»-ի աշխատակիցների կողմից: Դեպքից մոտ 1 ամիս անց հաղորդագրություն տարածվեց, որ Վանունուն գտնվում է Իսրայելում և ձերբակալված է: Վանունույի նոր ծանոթուհին իրականում «Մոսսադ»-ի գործակալ Շերիլ Բենթովն էր, ում հանձնարարվել էր գերել Վանունույին և դուրս բերել նրան Բրիտանիայի տարածքից, որպեսզի «Մոսսադ»-ը կարողանա ձերբակալել նրան: Բանն այն է, որ «Մոսսադ»-ի գործակալները կարողացել էին Լոնդոնում գտնել նրա թաքստոցը նույնիսկ այն պարագայում, երբ նա իր անունով չէր հանդես գալիս, բայց իսրայելական ղեկավարությունը խստիվ արգելել էր գործողություն իրականացնել Բրիտանիայի տարածքում, որպեսզի չխախտվեն այդ երկրի օրենքները: Գործակալները հետազոտելով Վանունույի կենսագրությունը, մարդկային տեսակը, բնավորությունը և թույլ կողմերը հասկացել էին, որ նրան հեշտ է գայթակղել և շիկահեր գործակալ Շերիլ Բենթովի միջոցով դուրս հանելով նրան Բրիտանիայի տարածքից՝ փայլուն գործողություն իրականացրեցին: Վանունուն իսրայելական դատարանի կողմից դատապարտվեց 18 տարվա ազատազրկման: Այժմ նա իր պատիժը կրել է, սակայն նրան արգելված է լքել Իսրայելը, ինչպես նաև առհասարակ շփվել արտասահմանցիների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել