«Մեր հայ տղամարդկանց մեջ չկա կանանց հետ վարվելու, ընտանիքը գնահատելու, սիրելու, փայփայելու ու դողալու կրթությունը»,- HerMine Dialog հաղորդման ժամանակ ասել է դերասանուհի Լիկա Մեսրոպյանը:

«Հայ մայրերը սխալ դաստիարակեցին տղաներին այս առումով: Առաջին սխալն այն է, որ տղամարդը մտածում է, որ տանը իր խոսքը պիտի անցնի ու վերջ: Կինը խոսելու տեղ պիտի չունենա: Սա մեծ սխալ է: Խոսքն իմ մասին չէ, այլ՝ ընդհանուր հայ հասարակության: Կնոջդ դնում ես այնպիսի վիճակի մեջ, որ նա ոչինչ է: Խոսելու, աշխատելու իրավունք չունի, կարճ հագնելու իրավունք չունի, սրանք ոչ կայացած տղամարդկանց քայլեր են»,- նշել է Լիկա Մեսրոպյանը։ 
Նա խոստովանել է, որ երազում է՝ իր տղան ունենա մեկ ընտանիք, սիրի, միասնական լինի իր ընտանիքի հետ, աչքը դուրսը չլինի: 
«Հենց այսօր ես որդուս հետ նման խոսակցություն եմ ունեցել, որ ուզում եմ ինքը լինի երջանիկ, իսկ ի՞նչ է նշանակում երջանիկ:

Ես որդուս բացատրում եմ, որ երջանիկ նշանակում է՝ նախ դու պետք է ամուսնանաս մեկ անգամ, ընտրես այնպիսի կին, ում հետ կլինես հավերժ: Սա ոչ թե իմ ճնշումն է երեխային, որ ազատությունից իրեն զրկում եմ, այլ փորձում եմ իր ուղեղի մեջ մտցնել այն, ինչ ինքը չի տեսել:

Երջանիկ է այն ընտանիքը, որտեղ կա ազատություն և փոխվստահություն միմյանց հանդեպ: Եթե չկա այդ վստահությունը, իսկ 90 տոկոսի մեջ չկա, որովհետև մարդիկ կոմպլեքսավորված են, իրենք իրենց չեն հավատում:

Երբ այդ ինքնավստահություը լինի տղամարդու մեջ, կլինի հասուն և սխալներ չի գործի»,– ասել է դերասանուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել