Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպումից առաջ Արցախի խնդրի շուրջ ակտիվ զարգացումներ են ընթանում: Հատկապես կարևոր էր ՀՀ և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որտեղ հատուկ շեշտվեց բանակցային գործընթացում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտությունը: Քննարկված կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում էր Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների հարցին, որոնք միտված էին շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը:

Ուշագրավ է, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները Դուշանբեի հանդիպումից հետո չեն հիշատակվել բանակցային օրակարգում, ինչը Ադրբեջանը փորձում է օգտագործել իր օգտին և ազատվել շփման գծում միջադեպեր հրահրելու դեպքում պատասխանատվություն կրելուց, սակայն Արցախը քայլեր է ձեռնարկում այդ պայմանավորվածությունները բանակցային օրակարգ վերադարձնելու համար:

Կարծում եմ՝ պատահական չէ, որ Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և վերահսկողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել