Թախանձագին խորհուրդ եմ տալիս կառավարության անդամներին համագործակցել տնտեսագետների, ֆինանսիստների հետ որևէ որոշում կայացնելիս, որը կարող է ազդեցություն ունենալ տնտեսության վրա: Այս անպատասխանատու գործելաոճով եղած տնտեսությունն էլ եք վերջնական քանդելու: Մարդկանց սրճարանները քանդելով, հարկերը կրկնակի բարձրացնելով, տնտեսական գործունեության համար անբարենպաստ պայմաններ ստեղծելով, դուք ձեր քայլն անելով երկիրը տանելու եք ոչ թե տնտեսական հեղափոխության, այլ տնտեսական ահաբեկչության:

Միջազգային խոշոր ներդրողներին նեղացրիք, խոշոր արտադրողներին նեղացնում եք, ռեստորաններին, սրճարաններին, բոլորին նեղացնում եք, արդյունքում տուժելու է սպառողը, այսինքն` մենք բոլորս, ՀՀ քաղաքացիները և մեր երկրի տնտեսությունը:

Հայաստանի շուկան այնքան փոքր է, որ շատ կազմակերպություններ ուղղակի կգնան, այլ ոչ թե ձեր պայմաններով կաշխատեն, ձեր արած անտրամաբանական առաջարկների արդյունքում շուկան կլցվի անօրինական ապրանքներով, մարդիկ կսկսեն փնտրել այլընտրանքային ապրանքներ, որոնք ավելի էժան կլինեն, և փաստ չէ, որ անվտանգ կլինեն:

Այսինքն՝ մի կողմից սպանելու եք տնտեսությունը, մյուս կողմից՝ մարդկանց դրդելու եք, որ ավելի անորակ սնունդ, ըմպելիք և այլ ապրանքներ սկսեն գնել։ Միակ բանը, որ խթանելու եք ձեր որդեգրած քաղաքականությամբ, սև շուկան է, որն, ինչքան էլ ուզեք, չեք կարող ամբողջովին վերահսկել, ինչն էլ նշանակում է, որ ունենալու եք ոչ թե հարկային մուտքեր, այլ հակառակը՝ հարկերի նվազում...

Պարզապես մի արեք, հանգիստ թողեք բարիք ստեղծողներին, արտադրողներին, նոր հարկեր հորինելու կարիք չկա, եղածն էլ արդեն այնքան է, որ հազիվ է բիզնեսը շնչում, եվրոպական երկրների հետ համեմատվելն ուղղակի ծիծաղելի է տնտեսական տեսանկյունից, քանի որ այնտեղ շուկան այլ է, եկամուտներն այլ են, պետության առջև դրված խնդիրներն ու առաջնահերթությունները, կարգավորումներն այլ են: Ի վերջո, այդ երկրները ԵՄ տնտեսական գոտում են, մենք՝ ԵԱՏՄ գոտում: Եթե ԵԱՏՄ-ից էլ ճնշում են, որ ինչ-որ քայլեր անեք, որը վնասելու է ՀՀ տնտեսությանը, ու եթե չգիտեք էլ, ապա կարող եք հարցնել, կասեն, ապա պարզաբանում պահանջող հայացքով նայեք, այլ ոչ թե փորձեք պոպուլիստական հիմնավորումներով խաբել ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել