Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցի շեմին Թեհրանում ադրբեջանական տարօրինակ ակտիվություն է նկատվում:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորին կից Հավաքազորի կազմակերպության նախաձեռնությամբ շաբաթ՝ փետրվարի 23-ին, Թեհրանում մեկնարկեց Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդես, որը շարունակվելու է մինչև փետրվարի 28-ը: Իսկ այցից մեկ օր առաջ՝ երեքշաբթի՝ փետրվարի 26-ին, Իրանում Ադրբեջանի նախաձեռնությամբ նշվեց Խոջալուի դեպքերի տարելիցը:

Ադրբեջանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը նշեց. «Հայաստանում վերջին զարգացումների շրջագծում հուսով ենք, որ երկու երկրների բանակցություններն արդյունքի կհանգեն, և «ադրբեջանական տարածքները» կվերադարձվեն այդ երկրին»:

Իսլամական միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալի Ասղար Մոհամմեդին, նույնպես իր ելույթում ընդգծելով, որ այս միության քաղաքական կոմիտեի հաջորդ նիստի օրակարգում ներառված է լինելու ԼՂ հակամարտության հարցն, ընդգծեց. «Իսլամական միջխորհրդարանական միության 54 անդամները շարունակ ընդգծել են իր տարածքները հետ ստանալու Ադրբեջանի անվիճելի իրավունքը»:

Իհարկե, ամեն տարի այս օրերին Իրանի ադրբեջանամետ ԶԼՄ-ներում Խոջալուի դեպքերի մասին խեղաթյուրված հրապարակումներ են լինում, սակայն նման ձևաչափով միջոցառում գրեթե առաջին անգամ է կազմակերպվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել