ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է տնտեսապես ոչնչացնել Թուրքիային, եթե վերջինս հարվածի Սիրիայի տարածքում գտնվող քրդերին։ Սա վկայում է այն մասին, որ Սիրիայում որոշակի պայմանավորվածություններ կան գրեթե բոլոր կողմերի միջև, և խոշոր խաղացողներից միայն Թուրքիան է, որ չի բավարարվում այդ պայմանավորվածություններով։

Թուրքիան անցած տարիների ընթացքում տեռորիզմի դեմ պայքարի անվան տակ բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել ոչ միայն քրդական զինված ջոկատներին, այլև խաղաղ բնակչությանը։ Դա օգտագործել է որպես յուրահատուկ զսպող մեխանիզմ, որպեսզի բուն Թուրքիայի տարածքում գտնվող քրդերը ծայրահեղ գործողությունների քիչ գնան։

Այժմ խաղի կանոնները փոխվում են, և Սիրիայի ստաբիլիզացումն ազդելու է նաև Հայաստանի և մեր տարածաշրջանի վրա։ Կան առաջին ծիծեռնակները (Ասադը խոստանում է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին)։

Ըստ այս նոր կանոնների՝ աշխարհի խաղացողները կարծես պատերազմներից հեռու քաղաքականություն են սկսում և անցնում են տնտեսական ճնշումներին՝ պատժամիջոցներ ՌԴ-ի և Իրանի նկատմամբ, Չինաստանի հետ ԱՄՆ լարված տնտեսական հարաբերությունները, Թուրքիային ուղղված սպառնալիքը, ՌԴ-ի և Իրանի հակազդեցության քայլերը և այսպես շարունակ։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ արցախյան հարցում էլ են լինելու վերջնաժամկետներ, մնում է՝ զգոն լինենք, որպեսզի չտուժենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել