Պարոն Փաշինյանն այսօր հավակնոտ արտահայտություն արեց՝ նշելով, որ իր թիմն իրականացրել է այն, ինչ խոստացել են: 

Խնդիր ունենք, շատ մեծ խնդիր: Երկրի առաջին դեմքի մակարդակով նման վտանգավոր հայտարարություններով հանդես գալը պատվաբեր չէ, քանի որ իրենք կասեն՝ արել են, ես կասեմ՝ ոչ բոլորը...

1. Խոստացվեց, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը կհեռացվեն: Ավելին՝ դրանցից ոմանք՝ ի նշան բողոքի, սկոճվեցին: Ասվեց, բայց չարվեց: Ու դեռ ավելին՝ շատացավ դրանց թիվը:
2. Ասվեց, որ աշխատավարձ կբարձրացվի, բայց չարվեց: Նշեմ՝ եկամտահարկի աննշան նվազեցումն աշխատավարձի բարձրացում չէ: Չկա տնտեսագիտության մեջ նման երևույթ:
3. Խոստացան, որ այսուհետ երկրում սեր ու համերաշխություն է տիրելու։ Ավելի կիսված, ավելի պառակտված, ավելի անհանդուրժող մթնոլորտով ժամանակաշրջան իմ գիտակից կյանքի ընթացքում չեմ հիշում:
4. Խոստացվեց, որ մենաշնորհ չի լինի։ Քաղաքական դաշտում նշմարվում է բացարձակ մենաշնորհ: Առնվազն ամեն ինչ արվում է մենաշնորհային խորհրդարան ունենալու համար:
5. Խոստացվեց, որ առանց կաշառքի ընտրություններ կանցկացվեն, քաղաքապետի թեկնածուին անցկացրին «Նիկոլ Փաշինյան» կաշառքով: Էլ չասեմ, որ զավեշտ էր Մարությանի նախընտրական քարոզարշավներում Փաշինյանի ավելի շատ հանդես գալը:

Պարո՛ն Փաշինյան, հասկացեք ի վերջո, որ այլևս իշխանություն եք, ընդդիմությանը բնորոշ մաքսիմալիստական հայտարարությունները տեղին չեն:
Ազնիվ չէ իշխանության դիրքերից ընդդիմություն խաղալը... առնվազն Ձեր ընտրողի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել