• Խարիզմատիկ առաջնորդներին բնորոշ է պատմության յուրատեսակ խմբագրումները, որոնց արդյունքում նրանք հայտնվում են այդ պատմության կենտրոնում՝ թվականությունը բաժանելով իրենցից առաջի և հետոյի։ Հայաստանից աջ ու ահյակ այսօր ևս ունենք նման օրինակներ՝ Ադրբեջանում՝ Հեյդար Ալիև, Թուրքիայում՝ Թայիփ Էրդողան։ Ըստ պատմության պետական նարատիվի՝ Հ․ Ալիևից առաջ «ամեն ինչ վատ էր», նրա օրոք և նրանից հետո «ամեն ինչ լավացավ»։ Էրդողանյան Թուրքիայում ավելի շատ պանծացվում է ժամանակակից «պետաիսլամական» սիմվոլիկան (դիցուք՝ 2016 թ․ հուլիսյան դեպքերի հետ կապված), քան աթաթուրքյան էպոխայի «կուռքերը»։

• Ամեն ինչ շատ ավելի խրթին է դառնում, երբ անցյալի մերժողականությունը (!) խորհրդանիշների մակարդակից տեղափոխվում է մտածողության և պրակտիկայի ասպարեզ։ Սիմվոլների համեմատ պետությունները շատ ավելի երկարակյաց են, պարզ ասած՝ մի օր կարող ես երկար մազեր ունենալ, մյուս օրը՝ կարճ, բայց օրգանիզմիդ ժառանգականությունից, գենոմից հրաժարվելն արդեն անձնասպանություն է։
• Այս առումով խիստ մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նոր իշխանությունների ակնհայտորեն անլուրջ և բեկբեկուն մոտեցումը։ Երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը քննարկել է Դուշանբեում իր և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարևորելով դրանց պահպանումն ու արդյունավետ իրականացումը։ 
• Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցում որևէ մանդատ չունեցող, «թեմայից դուրս» մի միջավայրում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում իր ունեցած «վերելակային համաձայնությունը» շատ ավելի գերադաս է համարում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի մանդատավորված և միջազգային ներկայացվածության պայմաններում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Սա լավ չէ։ 2016թ․ ապրիլին, երբ միառժամանակ խախտված էր հայ-ադրբեջանական հավասարակշռությունը, նախկին իշխանությունները շատ արագ կարողացան «ջրել» ԳՇ պետերի մակարդակով ձեռք բերված «լղոզուն» համաձայնությունը և հետ վերադառնալ 1994-1995 թթ․ համապատասխան համաձայնագրերին, ապա նաև հասնել վերոնշյալ միջազգային հանդիպումների ժամանակ մեզ համար հնարավորինս շահեկան պայմանավորվածությունների։ 
• Եվ քանի դեռ չկա ավելի լավ այլընտրանք թվարկածս փաստաթղթերին ու պայմանավորվածություններին, չի կարելի կամայականորեն խաչ քաշել դրանց վրա։ Իսկ «վերելակային համաձայնությունն» ակնհայտորեն ավելի լավ այլընտրանք չէ, քանզի
ա․ ձեռք չի բերվել միջազգային մանդատ ունեցող հանրակարգի միջնորդությամբ/դիտմամբ, «քավորը» միայն Ռուսաստանն է,
բ․ պատշաճ հանրամատչելի ու հրապարակայնացված չէ, հասկանալի չէ՝ առհասարակ ինչի մասին է, եթե միայն չկրակելու, ապա դա նախորդներից ոչ թե ավել է, այլ պակաս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել