Վերջը` ի՞նչ եք զիջելու ընտրություններից հետո
Որքան էլ հակահեղափոխական չթվա իշխանությունների քննադատությունը (օրինակ, «Ազատությունը» փաշիստներին հարցեր տալուց նաև ներողություն է խնդրում), այնուամենայնիվ անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞ւր են մեզ տանում նոր, ժողովրդական ու թավշյա իշխանությունները։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան «խիստ դրական մթնոլորտում»: Փաստացի, վարչապետը ֆեյսբուքում հրապարակված իր երկտողով փորձում էր փրկել Բոլթոնի մամլո ասուլիսից մնացած վատ նստվածքը, որտեղ նա արել էր չորս ուշագրավ հայտարարություն.
Ա. Սիրիա հումանիտար զորք ուղարկելը լավ գաղափար չէ։
Բ. Միացյալ Նահանգները ցանկանում է զենք վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին։
Գ. Պառլամենտական ընտրություններից հետո Փաշինյանի լեգիտիմությունը թույլ կտա որոշակի կոնկրետ քայլեր ակնկալել ԼՂ հարցում։
Դ. Իրանի հետ հարաբերություններում ազատությունը պետք է սահմանափակել ու սահմանը վերահսկողության տակ վերցնել։
Բոլթոնը Վաշինգտոնում Թրամփի ականջին շշնջացող չորս-հինգ գործիչներից մեկն է, նեոպահպանողական բազե է, ով ըստ էության Իրանի դեմ իր ագրեսիվ կեցվածքի պատճառով է նշանակվել իր ներկայիս պաշտոնում։ Պետք է հասկանալ, որ երբ երևանյան բանակցությունները դրական լույսի ներքո ներկայացնելու համար ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասում է, թե «դրանք ընդամենը հայտարարություններ են», ԱՄՆ դեսպանությունում այցից հետո պատրաստված մամլո տեսությունը առանձնապես չի խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները, այլ վնասելու է։
Որքան էլ վարչապետի վաղեմի ու նորահայտ բարեկամները Վաշինգտոնից փորձեն իրենց և իրենց ընկերների անունից (Ազատություն ռադիոկայանի ականջը կանչի) դիֆիրամբներ ձոնել Փաշինյանին նրա բանակցային հմտությունների թեմայով` նստվածքը արդեն իսկ բացասական է։ Այս ամբողջ աղմուկի մեջ այդպես էլ որևէ մեկը, բացի ԱԽՔ-ից, չփորձեց բացատրել, թե ինչ նկատի ուներ Բոլթոնը, երբ խոսում էր Փաշինյանի բարձր լեգիտիմության պայմաններում արցախյան հարցում կարևոր քայլերի գնալու մասին։
Որոշակի բացատրություններ փորձեց տալ նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանը, և պարզ է, որ իշխանությունները սա ընդունեցին սվիններով։ Նիկոլ Փաշինյանն ինքը այս քննադատությանը որևէ կերպ չկարողացավ պատասխանել, և այդ ծանրությունն իր վրա վերցրեց նրա նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ինչին պետք է մանրամասն անդրադառնալ, քանի որ պարոն Խառատյանը շարունակում է մնալ վարչապետի հավատարիմ consigliere-ներից մեկը: Խառատյանն ասում է, որ «Հայաստանը չի պատրաստվում մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին, սա` ի միջիայլոց»: Այս փուլում սա պետք է վերցնել ի գիտություն և դիտարկել իրականությունը մեկ ամիս հետո։ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հետ կապված Խառատյանի գիտելիքները լիարժեք են` ընտանեկան պատճառներով, և հուսով ենք նա մի օր էլ կպատմի, թե ինչու թավշյա կառավարությունը չկարողացավ այդ օժանդակությունը վերականգնել։ Հայ-թուրքական արձանագրությունները դիվանագիտական ջանքեր ու ռազմավարական մտածողություն ունեցող պետական գործիչների կողմից հիանալի կերպով իրականացրած ծրագիր է, որի մասին պաշտոնազուրկ պարոն Խառատյանին կարող է պատմել ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, ով դրան անմիջականորեն է մասնակցել։ Թե՞ իրենք Մնացականյանին էլ ձախողված դիվանագետ են համարում։
Ընդհանուր առմամբ Խառատյանի «վերլուծությունը» հանգում էր այս օրերին ֆբ ֆեյք տիրույթում մեծ ժողովրդավարություն վայելող «բա լավ էր, որ ձեր ժամանակ…» բանաձևին: Ոչ մի բովանդակային արձագանք Վիգեն Սարգսյանի կատարած մանրամասն վերլուծությանը` միայն նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը սևացնելու անհաջող և զավեշտալի փորձ` «բա լավ էր, որ ձեր ժամանակ»: Լավ է, գրառումից մի օգուտ ունեցանք` գոնե հասկացանք այդ ֆեյքերի մեյնսթրիմի կրեատիվի հոգեհայրն ո՞վ է` ըստ պաշտոնական վարկածի պետ.ծառայության զրկանքներին մի քանի շաբաթ չդիմացած ընտանիքի կարոտի պատճառով, իսկ ըստ որոշ հավաստի աղբյուրների` քրեական հոդվածով սպառնացող հանցագործության բացահայտման արդյունքում պաշտոնից հրաժարված Արսեն Խառատյանն է, ով, երևի թե, գրում է այդ ֆեյքերի ստատուսներն ուղղորդող պայծառ մտքերը երեկոյան ուշ ժամերին մայրիկի, հանրահայտ Հրանուշ Խառատյանի գիտական ղեկավարությամբ:
Որևէ տեսակի պատասխանատվությունից խուսափող, բայց բարձր ժողովրդական լեգիտիմություն ունեցող Փաշինյանը և իր թիմը երբեք չեն հասկանա Սերժ Սարգսյան-Ջո Բայդեն հեռախոսազրույցների իմաստն ու դրանց արդյունքները։ Ռիսկ ու պատասխանատվություն, գումարած պետական մտածողություն` ահա ռազմավարագետի ու հաջողակ պետական գործչի բանաձևը։ Ի դեպ, հաջորդ երևանյան այցելության ընթացքում պարոն Խառատյանը կարող է Թումանյան 5ա հասցեում մտնել «Մելլաթ բանկ», որից հետո Կենտրոնական բանկում իրեն կարող են պատմել հայաստանյան` շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ աշխատող բանկային համակարգի մասին։ «Մեկ գիշերում Եվրասիական միությանը միանալու միանձնյա որոշումը» քարոզչական հնգամյա գործունեության գործիք դարձրած խառատյանների համար, թերևս, այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես Հայաստանը չորս տարվա ընթացքում դարձավ ԵԱՏՄ հիմնադիր անդամ-երկիր ու ստորագրեց CEPA-ն Եվրոպական միության հետ 2017-ին։
«1000 դրամով բանակ պահելու ծրագրերի մասին» հակաքարոզչությունը ևս խառատյանների քննադատության թիրախում է եղել տարիներով, բայց իշխանության գալուց հետո նրանք շարունակեցին ոչ միայն այս կարևոր ծրագիրը, այլև «ազգ բանակի» բոլոր ծրագրերը` ցավոք տղամարդկություն չունենալով դա ընդունել փաստացի։ «Վիզը թեքած վարկեր մուրողից զենքի ձեռքբերման սուվերեն որոշումներ կայացնող է դառնալու» հավակնությունների մասին պոպուլիստական հայտարարություններ անելու և դրանք հեղափոխության արդյունք ներկայացնելու համար ֆեյսբուքի գովազդով կարելի է ծափերի էլ արժանանալ, բայց արդյո՞ք հնարավոր է իրոք զենք գնել։ Իսկ «վիզը թեքելու» մեջ նախորդներին մեղադրող խառատյանները պարզապես ծիծաղելի են. նրանք նույնիսկ իշխանություն ստանձնելուց հետո են մնացել անպատասխանատու հայտարարություններ անող գրանտակեր ընտանեկան բիզնեսի մակարդակում։
Երեք հարց խառատյաններին.
- Որքա՞ն է ձեր ներգրավված արտաքին ներդրումների ծավալը։
- Քանի՞ փամփուշտ եք ներկրել հայոց բանակի համար /փամփուշտը հարաբերական իմաստով եմ օգտագործում` «Իսկանդեռ» կամ «սմերչ» էլ բերած լինեք` վերածեք փամփուշտների, որ թշնամին չհասկանա կոնկրետ բերած/չբերածներիդ քանակը։ Հա, ի դեպ, գոնե արդեն ստորագրած պայմանագրերով այս տարվա մատակարարվելիք 100 մլն. զինամթերքի ո՞ր տոկոսն է արդեն Հայաստանում:
- Քանի՞ սելֆի է արել Նիկոլ Փաշինյանը մայիս-հոկտեմբեր ամիսներին։

Հ.Գ. Վերջին հարցը գրեցի, որ գոնե ինչ որ բանի աձագանքելու քաջություն զգաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել