Արցախյան հիմնախնդրի շուրջ նոր սրացումներ են սպասվում, որի հիմնական պատճառն Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունն է։ Պաշտոնական Բաքուն կոշտացրել է հռետորաբանությունը և ակտիվացրել քարոզչությունը՝ նոր ձեռքբերված զինատեսակների ցուցադրությունն օգտագործելով որպես խայծ։ Ադրբեջանն այս անգամ լայնորեն օգտագործում է նաև նախիջևանյան գործոնը՝ փորձելով ցույց տալ, թե առավելություն է ստանում հայկական կողմի նկատմամբ՝ ստիպելով իրենց դեմ պայքարել երկու ճակատով։

Ադրբեջանական ղեկավարությունը մշակել է «Մեծ վերադարձ» անվանումով ծրագիր, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է և տեղահանված ավելի քան մեկ միլիոն տեղահանված ադրբեջանցիների վերաբնակեցումը։ Եվ պատայհական չէ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատեհ-անպատեհ հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են «հայերի կողմից իրենց պատկանող օկուպացված տարածքները վերադարձնելուն»:

Այսպիսի քայլերով Բաքուն ցանկանում է նախևառաջ ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ Արցախի՝ բանակցություններին անմիջականորեն մասնակցելու հարցն օրակարգից դուրս մղելու համար։ Ի վերջո, Ադրբեջանը չի ուզում գիտակցել, որ բանակցությունների արդյունքում ինչ պայմանավորվածություն էլ կայանա, առանց Արցախի վերջնական համաձայնության անհնար է կյանքի կոչվի։

Պետք է ի նկատի ունենալ, որ քարոզչական հարթակում Բաքվի ակտիվացումն ուղղված է ոչ միայն հայկական կողմի, այլև միջազգային հանրության, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեմ, որոնք կարևորում են տարածաշրջանում կայունության պահպանումը և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, սակայն անտեսում են ադրբեջանական ապակայունացնող գործելակերպը։ Մինսկի խմբի համանախագահ երկրների լռությունը «նոր թևեր» է տալիս Բաքվին՝ բացելով իրավիճակի էսկալացման դուռը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել