Նախօրեին Աժ-ն հանրային ուշադրության կենտրոնում էր իր ողջ հմայքով: Հետաքրքրիրն այն էր, որ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ քննարկումները ծավալվեցին անհասկանալի ուղեծրով՝ շոշափելով անգամ վերածննդի և համաշխարհային դասական կտավների խորքային առանցքները:
Քննարկումների և միմյանց համազելու ժեստերը զուտ արվեստագիտության պետական քննություն էին հիշեցնում: Հայրենի պառլամենտականները հիշեցին՝ Դելակրուային, Բրանտին ու Կարավաջոյին:

Լինելով քաղաքագետ և չլինելով արվեստագետ մի քանի բան պատմեմ արդեն պառլամենտական կուլիսներից ներս թափանցած այդ արվեստի գործերին:

Վիկտոր Էժեն Դելակրուա, ֆրանսիացի հայտնի նկարիչ է, ում գործերը զարդարում են համաշխարհային թանգարանների սրահները: «Ազատությունը բարիկադների վրա» կտավը գրվել է 1830-ին: Դելակրուան այս գեղանկարի կնոջ դեմքը նկարել է՝ իբրև բնորդուհի օգտագործելով Փարիզի հեղափոխական գործիչներից մեկին՝ լվացարարուհի Աննա Շարլոտային։ Վերջինս բարիկադներ դուրս եկավ այն բանից հետո, երբ թագավորական բանակի զինվորները սպանեցին նրա եղբորը։ Վրեժխնդիր լինելու համար Աննա Շարլոտան սպանեց 9 գվարդիականի։ Նկարիչը նրան պատկերել է մերկ կրծքերով։ Նրա կարծիքով՝ դա անվեհերության ու անձնվիրության, ինչպես նաև ժողովրդավարության խորհրդանիշ է։ Բաց կուրծքը ցույց է տալիս, որ հասարակ մարդկանց պես Ազատությունը ևս սեղմիրան չի կրում։

Սեբաստիան Բրանտի «Հիմարների նավը» բավականին խորքային գործ է: Պատկերված նավն այնքան երկար է կանգնած, որ ճահճի հատակից ծլած և նրանով անցած ընձյուղը հասցրել է ծառ դառնալ, սակայն նավի ուղևոր-բնակիչներն այդ չեն էլ նկատում: Սրանք համոզված են, որ իրենք դեռ նավարկում են իրենց նպատակին ընդառաջ: Նրանց համար կարևորը ուտելիքի և խմելիքի առկայությունն է, երգն ու պարը, ճամփորդության պատրանքն ու խրախճանքը, այսօրվա լեզվով ասած, կյանքի բարեկեցությունն ու բարգավաճությունը: Նրանք, որպես մարդ մոռացել են իրենց կոչվածությունը, կորցրել են իրականությունն օբյեկտիվորեն գնահատելու ունակությունը, ինքնուրույն մտածելու կարողությունը, անգամ ժամանակի և տարածության զգացողությունը: Անխտիր բոլորը, հայրապետ-մայրապետերից սկսած և հասարակ նավարկողներով վերջացրած ապրում են միայն իրենց տարփանքների և մարմնավոր ցանկությունների բավարարմանն ուղղված անասնական բնազդներով և միայն խեղկատակ-նավապետն է, որ թառած նավի ղեկին, ուշի ուշով հետևում է նավի «ընթացքին»: Այս խեղճերը վերածվել են մարդկային կերպարանքով միաբջիջ արարածների, մարդկային սիլոսի և Դարձի մասին մտածելն իսկ ավելորդ է:

«Հուդիթ և Հողոփեռնես» (Giuditta e Oloferne), վաղ բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Միքելանջելո Կարավաջոյի նկարներից։ Համաձայն լեգենդի, Հողոփեռնեսը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր 2-րդ արքայի բանակի զորապետն էր: Բանակը պաշարել էր Հուդան և նրա քաղաքները: Քաղաքներից մեկում ապրում էր Մանասե Բետիղուացու երիտասարդ, առաքինի ու աստվածավախ այրին՝ Հուդիթը։ Քաղաքացիներին պատել էր հուսահատությունն ու ոչ մի ելք չէին տեսնում՝ թոթափելու թշնամու լուծը: Հագնելով գեղեցիկ հանդերձանք ու վերցնելով ծառային, Հուդիթը գնում է թշնամու բանակատեղին: Այստեղ Հուդիթն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ շահում է Հողոփեռնեսի վստահությունը: Երեկոներից մեկի ժամանակ Հողոփեռնեսը քնում է և այդ ժամանակ Հուդիթը գլխատում է նրան և վերադառնում հարազատ քաղաք: Թշնամու բանակը, մնալով առանց ղեկավարի, խուճապահար ցրվում է: Հուդիթի դեմքը Կարավաջոն նկարել է խիստ արտահայտիչ, որտեղ երևում են ոչ թե հաղթանակ կամ զարհուրանք, այլ վճռականություն ու նողկանք: Այրին սպանում է անպաշտպան Հողոփեռնեսին առանց որևիցե մի դժվարության: Հուդիթը զզվանքով հետ է կանգնած իր զոհից: Հեղինակը կտավի հերոսուհուն պատկերել է ոչ թե բարոկկոյի ոճին հարիր զգեստներով, այլև սովորական հանդերձանքով՝ «ժողովրդի մեջից դուրս եկած»: Հնարավոր է, որ որպես բնորդուհի Կարավաջոյի համար կեցվածք է ընդունել վերջինիս սիրուհին՝ Մադդալենա Անտոնետին: Նկարիչների մեծ մասը, որոնք վրձնել են Հուդիթին, պատկերել են սպանությունից անմիջապես հետո՝ Հողոփեռնեսի գլուխը ձեռքին պահած: Կարավաջոն, հակառակ, նկարել է սպանության պահը, երբ գլուխը կիսով չափ անջատված է մարմնից, սակայն դեռևս զոհը կենդանի է: Կա տարածված վարկած, ըստ որի Կարավաջոն շատ էր տարվել գլխատման տեսարաններով:

Համաձայնեք՝ քննարկումը բավականին բուռն էր ու, ասեմ նաև, ուսուցողական՝ վստահ եմ, որ ոչ բոլորն էին տեղյակ արվեստի այս կոթողների գոյության և պատմության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել