Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահի ծրագիրը բրեկզիտի նման ցնցումների պատճառ դարձավ մայր ցամաքում: Իրանն ու Իսրայելը մշտապես մոտենում են լիամասշտաբ պատերազմի, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում ուժերի վերադասավորման:

Փորձագետները Վաշինգտոնում քննարկում են ի՞նչ անել, ինչպես 2012-ին, երբ ԱՄՆ-ն ազդեցիկ խաղացող էր: Բայց հիմա 2018-ն է, և այդ տարածաշրջանում Մոսկվան զբաղեցրել է Վաշինգտոնի տեղը, որ առանցքային փաստ է, թեպետ բանավեճերում չեն հիշատակում:

Շատ իսրայելցիներ կարծում են, որ Իրանի հետ պատերազմն անխուսափելի է: Իսրայելի կարմիր գծերը պարզ են` իրանական զորքերի կամ զինատեսակների բացակայություն Սիրիայում: Նույնքան պարզ են Իրանի պայմանները․ Թեհրանը ցանկանում է Մերձավոր Արևելքում գերակայող պետություն դառնալ: Այս գործոնները և իրադարձությունների այսպիսի զարգացումը կոնֆլիկտի երաշխիք են, վերջին ամիսներին աննախադեպ է լարումը: Մերձավոր Արևելքում կարևոր խաղացողն արդեն ԱՄՆ-ը չէ, այլ՝ Ռուսաստանը: Պուտինը վերահսկում է այդ «վառոդով տակառը» ավելի, քան պատրաստ են ընդունել ԱՄՆ փորձագետները:

Ո՞վ Իսրայելին ասաց` «հանգիստ», երբ սիրիական զորքերը խփեցին F-16-ը։ Ռուսաստանը։ Ո՞վ Իրանին ասաց դադարեցնել հակաիսրայելական հռետորաբանությունը, որ անկանխատեսելի էր հետևանքների մեջ։ ՌԴ-ն։ Ո՞վ Իսրայելին ասաց` դադարեցնել ավիահարվածները Սիրիային։ Դարձյալ ՌԴ-ն: Ո՞վ Իրանին ասաց` «հանգստացիր», երբ գրոհի ժամանակ 7 զինծառայող կորցրեց: Ռուսաստանը: Ո՞ւմ հետ էր Նեթանյահուն հանդիպում անցած շաբաթ, որ ստիպի Իրանին կանոններով գործել: Ռուսաստանի: Ռուսաստանը նույնիսկ խոստացել է պաշտպանել Իսրայելը Իրանի հարձակումից: Ինչու՞ է Իսրայելը դիմում Ռուսաստանին` երկրի, որ պաշտպանում է նրա մահացու թշնամուն` Իրանին: Որովհետև Իսրայելը խելամիտ խաղացող է, առաջնորդվում է ռեալ քաղաքականության սկզբունքներով և երբ բախվում է էքզիստենցիալ սպառնալիքի, ինչպես Իրանը, դառնում է անսկզբունքային ու նենգ: Երուսաղեմը գիտի, որ Մոսկվան կարող է ազդել Թեհրանի վրա, իսկ Վաշինգտոնը չի կարող: Ոչ պակաս կարևոր է, որ Իսրայելը շատ կապված է ՌԴ-ի հետ ու խոր արմատներ ունի այնտեղ:

ԱՄՆ-ը միակ երկիրը չէ, որ «հատուկ հարաբերություններ» ունի հրեական պետության հետ: Դեռ 1990-ականների սկզբին Իսրայելն ընդունեց մեկ միլիոն ռուսաստանաբնակ հրեաների, որի արդյունքում մի քանի տարում բնակչությունը 20 %-ով աճեց: Այսօր Իսրայելում երկրորդ լեզուն ռուսերենն է ու իսրայելական խոշոր El Al ավիաընկերության ինքնաթիռներն օրը երկու անվայրէջք չվերթ են կատարում Մոսկվա: Շատ իսրայելցիներ ունեն ռուսաստանյան անձնագրեր, և Պուտինի բարեհաճությունը ստանալու համար Նեթանյահուն ծախսում է նույնքան ժամանակ, որքան Թրամփի:

ԱՄՆ-ը կարող է հակադարձել ռուսական ազդեցությանը այդ տարածաշրջանում: Դա ենթադրում է գործողություններ ոչ սառը պատերազմի տրամաբանության մեջ, որ հիմնված է ով ում սկզբունքին, անհրաժեշտ է ավելի նուրբ քաղաքականություն, ճկուն: ԱՄՆ-ը կարող է զրկել Ռուսաստանին իր գործընկերներից, օրինակ` Թուրքիայից, որ մի քանի դար տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ: Հետո անցնի Եգիպտոսին, որ միշտ Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն է ունեցել, բայց նրա ճամբարին չի պատկանում:

Տարբերակ է նաև այն, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հնարավոր է՝ նորից սկսեն աջակցություն ցույց տալ սատելիտ պետություններին, ինչպես արել ենք Սառը պատերազմի շրջանում: Դա չի նշանակում հիբրիդային պատերազմներ վարել ուրիշի ձեռքով: Հակառակը` նշանակում է պաշտպանել մարդու իրավունքները և աջակցել հակակոռուպցիոն նախաձեռնությունները պետություններում, որ Ռուսաստանի մարիոնետներն են:

Սեպը սեպով են հանում տրամաբանությունը նոր չէ քաղաքականության մեջ, առճակատման hard power-ի փոխարեն նպատակներին soft power-ով հասնելը` ևս: Բայց դա Թրամփի մասին չէ ու նրա համար չէ: Առաջարկված տարբերակով իրավիճակի փոփոխության համար նախ և առաջ Մայք Պոմպեոն պետք է հրաժարվի իր 12 կետերից, որ բացահայտ ագրեսիա են պարունակում Իրանի դեմ, իսկ դա նշանակում է պետքարտուղարի պաշտոնանկություն․ Ռեքս Թիլերսոնը անակնկալ` Աֆրիկայում պաշտոնական այցի ժամանակ, պաշտոնանկվեց, որ փոխվի Մերձավոր Արևելքում ու հատկապես Իրանի միջուկային ծրագրի հարցում քաղաքականությունը: ԱՄՆ նախագահը շեշտը դնում է Պարսից ծոցի արաբական այն պետությունների վրա, որոնց միլիարդներով զենք է վաճառում ու ուզում է փոխարենը գնել նրանց կառավարելիությունը: Իսկ Իսրայելին կողքին պահելու համար բավական էր ցուցադրական քաղաքականությունը` մայրաքաղաք ճանաչել Երուսաղեմը ու դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել