Ալաշկերտ ՖԱ-ի հարգելի պարոն նախագահ: Ենթադրում եմ, որ վաղը Դուք պատրաստվում եք տոնել Ձեր ակումբի բարեգործական նվիրատվություն-չեմպիոնությունը: Ենթադրում եմ, որ հետո վերցնելով իրական չեմպիոնի համար նախատեսված ոսկե մեդալները, գնալու եք մի ռեստորանում Ձեր նվեր-չեմպիոնությունը նշելու: Հարգելիս, իրական չեմպիոնին զրկելով տիտղոսից, ոչ Ալաշկերտն է դառնալու Միլանի Ինտեր, ոչ էլ առավել ևս Դուք՝ Մասսիմո Մորատի:
Ի դեպ, ես բնավ չէի խոսում Ձեր ֆուտբոլային հավակնությունների մասին, ես ուղղակի ուզում էի նշել, որ ինչպես Յուվենտուսի գողացված չեմպիոնությունները վերադարձվեցին, այդպես էլ Շիրակինն է վերադառնալու, դրա համար վաղը երեկոյան շատ ճոխ քեֆ չանեք, քանի-որ ջրի բերածը ջուրն էլ մի օր տանելու է:
Ձեր այս քայլով Դուք ոչ մի վնաս չեք հասցնելու ոչ 1958 թվականի ծնունդ Շիրակին, ոչ Գյումրի քաղաքին, ոչ գյումրեցի տասնյակ հազարավոր երկրպագուներին /հասկանում եմ, վերջին թիվը ամբողջ կյանքում միայն 47-48 սեփական երկրպագու ունեցող ակումբի նախագահի համար գերշոկային է/, ոչ էլ հայկական ֆուտբոլին, քանի-որ Շիրակը ուղղակի հավեսի համար ստեղծված ակումբ չէ: 
Շիրակը սիմվոլ է, մի ամբողջ մարզի սպորտային գենետիկայի կրող, որի պատմությունը ու վաստակը հայկական ֆուտբոլում շատ ավելի երկար է, քան տասնյակ թիթեռի կյանք ունեցած ֆուտբոլային ակումբների կենսագրությունը:
Շիրակը լինելու է ՄԻՇՏ, իսկ Ալաշկերտը դադարելու է գոյություն ունենալ հենց այն պահից երբ ավարտվեցին Ձեր փողերը, կամ փախավ հավեսը, ինչպես անհետացան Ուլիսը, Կիլիկիան, Դվինը, Կոտայքը, Վանաձորը,
Երևանը, Արարատ-Ցեմենտը, Միկան, Դինամոն, Իմպուլսը և այլն...

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ արծաթե մեդալներ նվաճելու համար, որը արտացոլում է Ձեր և Ձեր ակումբի այս մրցաշրջանի իրական պատկերը և ի սրտե ափսոսում եմ այն ոսկին, որը երբեք Ձերը չի լինելու:

Շիրակի տասնյակ հազարավոր երկրպագուներից մեկը, ում անունն է՝ Ռուբեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել