Այդքան սպասված և խոստացված արմատական փոփոխություններն էլ իրականացան, և պարզվեց, որ երկրի ստեղծված վիճակի բարելավման համար անհրաժեշտ էր փոխել ընդամենը ֆինանսների, էկոնոմիկայի և սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարներին: Ես` որպես ՀՀ քաղաքացի և այսպես ասած պահանջատեր անձ, քանզի հենց ես ու իմ նման քաղաքացիներն ենք ընտրությունների միջոցով իշխանությամբ օժտում քաղաքական սուբյեկտներին, կարող եմ հասկանալ, որ Հրանուշ Հակոբյանին, Արմեն Երիցյանին, Հրայր Թովմասյանին կարելի է առանձացնել պատրաստվածության առումով, քանզի մենք այսօր պետական ոլորտում շատ քիչ մարդիկ ունենք, ովքեր թե՛ մասնագիտական առումով բավականին պատրաստված են, թե՛ օժտված են ղեկավարելու տաղանդով և թե՛ արդյունավետ են գործում, ուստի այսպիսի կադրերին պետք է թողնել, քանզի վերջին հաշվով փոխարինող ավելի լավ կադրեր դժվար թե այս պահին գտնվեին: Ես միայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ բոլորն են միշտ նույն տեղում մնում` մի երկու բացառությամբ, ստացվում է, որ մեր երկրում մարդիկ չե՞ն մեծանում, ստացվում է, որ մեր սերունդն առհասարակ ոչ մի տեսակի պահանջարկ չունի՞ ոչ մի բնագավառում, բացի սպասարկող անձնակազմից, այլապես ինչպե՞ս հասկանալ այն, որ թեկուզ ՀՀԿ-ն, որն ունի երիտասարդական թև, մի կողմ եմ թողնում նաև այն, թե մեր սերնդի որ հատվածն է ընդգրկված այդ թևում, դա էլ էական չէ, խնդիրը նրանում է, որ մենք` երիտասարդներս, անկախ մեր կուսակցական պատկանելիությունից, անկախ մեր քաղաքական հայացքներից, դեռ ինչքա՞ն պետք է սպասենք, որ այսպես ասած տեղ ազատվի մեզ համար:

Չէ՞ որ մեզանից շատերը հասցրել են արդեն երկու բարձրագույն կրթություն, գիտական կոչումներ ստանալ, ինքնուրույն որոշակի ձեռքբերումներ ունենալ, բայց միևնույն է, մեր սերունդը ոչ մի կերպ չի ընդգրկվում պետական կառավարման ոլորտում, բացառությամբ այն երիտասարդների, ովքեր ավագ սերնդի պաշտոնյաների անմիջական ժառանգներն են: Ստացվում է, որ արմատական փոփոխություն ասվածը բացարձակ կապ չունի՞ նոր սերնդին նկատելու հետ, քանզի փոփոխությունները կատարվում են միայն տեղափոխությունների մակարդակով, նոր դեմքեր այդպես էլ չեն հայտնվում: Արդեն քսան տարի է՝ որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ գործող սուբյեկտներից հայտնի են միայն մի քանի հոգի, այն էլ արդեն միջին տարիքային խմբի մեջ են մտնում, իսկ երիտասարդությունը` 1980-1990 թթ. ծնվածները, կարծես չեն ծնվել, չկան, ուղղակի  պահանջարկ չունեն: Հաշվի առնելով այն, որ հենց այդ թվականներին ծնվածներն են իրենց կաշվի վրա զգացել այն բոլոր դժվարությունները, որոնք Հայաստանն ունեցավ անկախանալուց հետո, այնուհետև մենք ստիպված եղանք տեսնել մեր նախորդ սերնդի անհաջող փորձերը և սովորել վերջիններիս սխալները հաշվի առնելով, մենք հենց այն սերունդն ենք, ում առջև դժվար կլինի արդարանալ, թաքցնել, քողարկել, քանզի մենք կենդանի ականատեսն ենք եղել անկախանալուց հետո Հայաստանի գրեթե բոլոր խնդիրների լուծումներին, ուստիև հասկանում ենք, թե ինչի արդյունքում հայտնվեցին այս վիճակում: Այս ամենով հանդերձ մենք արդեն պատրաստ ենք ստանձնել այն ծանր բեռը, որը մեր նախորդ սերունդն է մեզ փոխանցելու, հիմա է ժամանակը, քանզի չենք պատրաստվում թողնել, որպեսզի էլ ավելի ողբալի վիճակում որպես ժառանգություն մեզ տրվի մեր երկիրը:

Այս ամենը ես ասում եմ ոչ միայն իմ անունից, այլ նաև բազմաթիվ այլ երիտասարդների, ովքեր ամեն օր, ամեն ժամ կարող են լքել այս երկիրը, քանզի պահանջված են արտասահմանում, մրցունակ են և ունեն բավականաչափ ներուժ այս կյանքում իրենց կայուն տեղը գտնելու համար, բայց պետք է վերջապես գիտակցվի պետական մարմինների կողմից, որ ինչքան էլ զարմանալի չլինի, բայց երիտասարդության մի ստվար հատված իրոք հայրենասեր է, ինչն էլ հենց մեզ պահում է Հայաստանում: Ինչքան ձգձգվեն արմատական փոփոխություններն ու քաղաքական սերնդափոխությունը, այնքան ավելի է խորանալու մեր սերնդի և նախորդ սերնդի միջև առկա լարվածությունն ու բևեռացումը, ինչը ոչ մի պարագայում պետք չի Հայաստանին, քանզի ուժեղ լինելու համար նախ և առաջ պետք է միասնական լինել և պետականամետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել