Ոչ ոք չի հիշացնում, ասի՝ ես հիշացնեմ, անդարդ գլուխս դարդի տակ դնեմ: Սերժ Սարգսյանը, որ ասել էր, թե վարչապետի պաշտոնին չի հավակնելու, շատ կոնկրետ քաղաքական իրավիճակում էր ասել ու էդ կոնկրետ իրավիճակում՝ շատ կոնկրետ նպատակով: 2014-ի ապրիլին՝ Տիգրան Սարգսյանի հրաժարակից հետո, Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց առաջ: Այդ ժամանակ դեռ գործում էր Բարգավաճ-Կոնգրես դաշինքը, որը 14-ի գարնանը հայտարարել էր ակտիվ հրապարակային գործունեության անցնելու նպատակի մասին: Այդ ժամանակ խնդիր կար և հույս կար իշխանության կողմից, որ Բարգավաճ Հայաստանը կհամաձայնի սահմանադրական փոփոխությունների նախագծին: Հենց այս շրջանում էլ արվել է Սարգսյանի հայտնի հայտարարությունը, որով նա Բարգավաճին իր կողմից փաստացի բանակցությունների առաջարկ էր անում: Վարչապետի հրաժարականը, ապա Հովիկ Աբրահամյանի նշանակումը, ինչպես նաև վարչապետի պաշտոնին չհավակնելու հայտարարությունը փոխզիջման փաստացի առաջարկ էր ԲՀԿ-ին․ դուք ընդունում եք սահմանադրականը, ես չեմ հավակնում վարչապետությանը 18-ին: ԲՀԿ-ն, սակայն, մերժեց հավանություն տալ սահմանադրական փոփոխություններին, որով էլ փաստացի մերժեց Սերժ Սարգսյանի առաջարկը: Այդ պահից սկսած քաղաքական իմաստով այդ հայտարարությունը կորցրեց որևէ իմաստ, քանի որ քաղաքական խոսքն իմաստ ունի կոնկրետ քաղաքական իրավիճակներում: Դեռ այն ժամանակ էլ դրա մասին ասվել է ու գրվել է: Դաժան է, բայց փաստ: Այլ կերպ չի լինում քաղաքականության մեջ: 
Ի դեպ՝ դեռ այն ժամանակ զարմանալի էր, որ լիքը վերլուծաբան, քաղաքագետ, «հարցազրույցիստ» դեմքերի միամիտ արտահայտությամբ ասում էին՝ վայ, բա մենք չգիտենք՝ ինչի Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ինչի Սերժը սենց բան ասեց, կարելի է շատ տարբերակներ ենթադրել: Յանի ոչ մի տարբերակ էլ չկար իրականում․ մեկն էր տարբերակը: 
Հիմա ուր են այդ մարդիկ՝ կարևոր չի, չեմ ուզում խորանամ: 
Բայց զարմանալի է, որ այսօր էլ այդ կոնտեքստը չեն հիշեցնում գոնե նրանք, ովքեր այն ժամանակ իրենց քաղաքական գործունեությամբ հասել էին այդ արդյունքին: 
Քաղաքականությունն ուժի, այլ ոչ թե զուտ խոսքերի պայքար է: Այն ժամանակ ուժային կշռույթն այնպիսին էր, որ հնարավոր եղավ Սերժ Սարգսյանից այդ հայտարարությունը ստանալ: Երբ ուժային բալանսը փոխվեց, փոխվեց և հայտարարության իմաստը: 
Ուղիղ 4 տարի է անցել, ոչ ոք չի հիշում: Դե, ասենք, ո՞ւմ դարդն է կտրվել խորանալ: )
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել