Վերջերս հանրության ականջին բավականին հաճախ է հասնում «Նովգորդյան վեչե» հասկացությունը, որի մասին, վստահ եմ, բավականին սահմանափակ թվով մարդիկ են տեղյակ: Իրականում ի՞նչ է դա:

Վեչե (հին սլավոներեն՝ վետ-խորհուրդ), ժողովի մի տեսակ էր, որը տարածված էր հին և միջնադարյան Ռուսիայում` ընդհանուր կարևորագույն հարցեր քննարկելու համար։ Հին ռուսական պետության կազմավորմամբ ֆեոդալական ավագանին Վեչեի միջոցով, սահմանափակում էր իշխանի իշխանությունը։ Վեչեն Ռուսիայում լայն տարածում է գտել ֆեոդալական մասնատվածության ժամանակաշրջանում։

Առաջին անգամ «վեչե» հասկացությունը հիշատակվում է Բելգորոդում՝ 997 թվականին, Նովգորոդում՝ 1016 թվականին, Կիևում՝ 1068 թվականին, Վոլինի Վլադիմիրում՝ 1097-ին, Ռոստովում՝ 1157-ին են։

Վեչեին էր պատկանում պատերազմի և հաշտության, իշխանների հրավիրման ու հեռացման, վարչական, դատական և ռազմական վարչության բարձրագույն ներկայացուցիչների ընտրության, տարբեր իշխանությունների և երկրների հետ հարաբերություններ հաստատելու, պայմանագրեր կնքելու, օրենքներ ընդունելու իրավունքը և այլն։ Ժողովրդական ժողովները սովորաբար հրավիրվում էին վեչեի զանգի միջոցով իշխանության ներկայացուցիչների կամ քաղաքացիների նախաձեռնությամբ, չէին կրում պարբերական բնույթ, ունեին իրենց մշտական հավաքատեղին։ Վեչեում որոշումներն ընդունվում էին ոչ թե քվեարկությամբ, այլ բոլոր մասնակիցների հավանություն արտահայտող բացականչություններով։

«Ավագ» քաղաքների վեչեների որոշումները պարտադիր էին «կրտսեր» քաղաքների, «արվարձանների» համար (օրինակ՝ Պսկովի վաչեն ենթարկվում էր Նովգորոդին մինչև Պսկովի առանձնանալը)։ Վեչեներ էին հրավիրում նաև խոշոր քաղաքների առանձին թաղամասերում։ Վեչեն իսկական ժողովրդական իշխանություն չէր․ փաստական իշխանությունը պատկանում էր ֆեոդալական ավագանուն և քաղաքային վերնախավին։

Նովգորոդում գոյություն ուներ հատուկ «տերերի խորհուրդ», որի անդամներն էին ֆեոդալական ավագանու ներկայացուցիչները, նրանց էլ պատկանում էր իրական իշխանությունը քաղաքում։ Ռուսիայի հյուսիս-արևմուտքում, ուր քաղաքները թուլացել էին մոնղոլ-թաթարական ավերիչ արշավանքների հետևանքով, ամրացող մեծ իշխանական իշխանությունն արդեն 14-րդ դարի վերջին վերացրեց վեչեն, թեև դասակարգային պայքարի սրման ժամանակ ժողովրդական ժողովները քաղաքներում հաճախ ընդունում էին վեչեի բնույթ։ Վեչեի կարգն առավել հարատևեց նովգորոդյան (մինչև 1478) և պսկովյան (մինչև 1510) ֆեոդալական հանրապետություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել