Հակամարտության գոտու բնակիչ շահումյանցի հայի և լաչինցի քրդերի հայցերով կայացված ՄԻԵԴ վճիռները նախադրյալներ են ստեղծել, որպեսզի հետագայում Հայաստանը ստիպված լինի միայն որպես փոխհատուցում ադրբեջանցիներին վճարել առնվազն 350.000.000-400.000.000 (միլիոն) եվրոյի չափ գումար: Հավանաբար դրան կգումարվեն նաև դատական ծախսերի վճարման համար անհրաժեշտ ոչ պակաս պատկառելի գումարներն, իսկ ավելի ուշ` նաև ենթակառուցվածքներին, տարատեսակ շենք-շինություններին և այլ օբյեկտներին հասցված վնասների համար փոխհատուցումները:

Հայ փախստականների կրած նյութական վնասների փոխհատուցման հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը ռազմավարական սխալ էր, որը շատ թանկ կարող է նստել մեզ վրա: Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ կողմից կազմակերպաված լսումների ընթացքում արդեն իսկ ասել եմ, որ ՄԻԵԴ-ի կողմից քաղաքական մոտեցում է ցուցաբերվել, երբ որոշում է կայացել քննելու հատկապես Շահումյանի շրջանից մեկ հայ և Լաչինից շրջանից մի քանի քուրդ փախստականների անունից տրված հայցադիմումները, որոնց վերաբերյալ նաև վճիռ է կայացվել: Հայցատուների այսօրինակ ընտրությունն` ըստ նախկին բնակության վայրերի, ուղղակիորեն ուրվագծում է այն գոտին, ուր ընթացել են ռազմական գործողությունները և որն ընդգրկում է պատերազմի նախօրեին նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գտնված ադրբեջանաբնակ յոթ շրջանները և մինչև 1992թ. հունիսը հայաբնակ Շահումյանի շրջանը: Այսինքն` ՄԻԵԴ-ի վճիռն անուղղակիորեն ներդաշնակեցված է Մինսկի խմբի կողմից մշակված «Մադրիդյան սկզբունքների» հայեցակարգին, և այսպիսով՝ կարգավորման այդ սցենարի շրջանակներում փոխհատուցում ստանալու հնարավորություն չի վերապահել մոտ 450.000 Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից և այլ քաղաքներից բռնագաղթած հայ փախստականների համար: Սա, ինչ խոսք, մեր որոշում կայացնողների աններելի բացթողումն է, սակայն ՄԻԵԴ դիմելու հետ կապված խնդիրներն առաջիկայում միայն այսքանով չեն ավարտվելու: Ըստ 2017 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ կայացրած վճռի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են երեք ամսվա ընթացքում տուժածներին (մեկ հայի և վեց քրդերի) վճարել 5000-ական եվրո, իսկ դատական ծախսերի համար մուծեն 28.642 ֆունտ ստերլինգ (Հայաստանը) և 30.000 եվրո (Ադրբեջանը): Ադրբեջանաբնակ յոթ շրջաններում բնակվել է մոտ 450.000 ադրբեջանցի, Շահումյանի շրջանում մոտ՝ 20.000 հայ, որոնց գուցե միացվեն նաև Մարտակերտի շրջանի բնակիչների վաթսուն տոկոսը` առավելագույնը ևս 25.000 մարդ: ՄԻԵԴ վերոհիշյալ վճիռների շնորհիվ փոխհատուցման հավակնող ադրբեջանցիների թվային առավելությունն, այսպիսով, հսկայական է դառնում: Հիմա հարց է ծագում` եթե գործերն ընթանան հենց այս կերպ, ո՞վ է վճարելու այդ հարյուրավոր միլիոնները։ Դատարանը որպես վճարող է դիտարկում Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ մեր պետության բոլոր քաղաքացիներին` մեզ բոլորիս: Բայց այս իրավիճակի պատասխանատուները մեզանից մի քանիսն են եղել: Դրանք այն մարդիկ են, ովքեր միայն իրենց հայտնի պատճառներով նպատակահարմար են գտել դիմելու ՄԻԵԴ: Նրանք անձնապես այդ գումարները վճարելու ցանկություն հաստատ չեն ունենա: Չեմ ուզում մեղավորներ ու մեղքեր փնտրել, միայն հերթական անգամ ուզում եմ ասել, որ այս իրավիճակից ելքը դեռ պահպանվում է, բայց սխալը գործած մարդիկ, այսօրվա քաղաքական պատասխանատուները պետք է իրավիճակը շտկելու ցանկություն և կամք դրսևորեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել