Շատերի համար գալիք տարին քաղաքական առումով լինելու է ամենահանգիստ տարին՝ հատկապես ներքին քաղաքական կոնյուկտուրան հաշվի առնելով։ Հայաստանը թևակոխել է քաղաքական փոփոխությունների տարի, որը տեղի է ունենում կամա, թե ակամա։ Ավարտվում է նախագահական ժամանակաշրջանն, ու երկիրը զարգանալու է պառլամենտական մոդելով։ Քաղաքական ուժերն էլ աստիճանաբար դիրքավորվում են այդ պլատֆորմի շուրջ, ինչը, բնականաբար, մեկ օրվա գործ չէ, դրան գումարած այն, թե ինչպիսի ջանքեր են գործադրում որոշում կայացնող մարմինները, որպեսզի այդ փոփոխությունները հնարավորինս անցավ ու արագ տեղի ունենան։ Այս պարագայում հետաքրքրվածությունը դաշտի նկատմամբ որոշակիորեն նվազում է հանրության կողմից։ Ավելի շուտ կարելի է ասել՝ այն նման է տրանսֆորմացիայի։

Պառլամենտական պետության հիմնասյունն Ազգային ժողովն է, ու կարելի է եզրակացնել, որ գալիք տարին պառլամենտյորների համար իրադարձություններով հարուստ տարի է լինելու հատկապես արտաքին քաղաքականության հարցում։ Միջազգային հարթակներում Հայաստանի խնդիրների ու դրանց հաղթահարման լուծումների վերաբերյալ քննարկումները դառնալու են ավելի առարկայական ու հայեցակարգային։ 
Սա, ի դեպ, ամենևին չի նշանակում, որ Հայաստանի ներսում ոչինչ տեղի չի ունենալու։ Ավելին՝ քաղաքական քննարկումների բովանդակության ու հագեցվածության առումով ԱԺ-ն դառնալու է երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն ու խոհանոցը թե՛ բովանդակային ու թե՛ էսթետիկ մասով։ Կուսակցությունները պետք է կարողանան իրենց կազմում ունենալ այնպիսի բառապաշար, որ կարողանան իրենց վրա վերցնել ֆունկցիաներ, որոնք գուցե մինչ այս չունեին,ընդ որում՝ կապ չունի՝ ընդդիմությունը կլինի, թե իշխանությունը։ Աշխարհաքաղաքական իրադարձություններն էլ ստիպելու են լինել ավելի աչալուրջ հատկապես ԼՂՀ հարցում ազգային համաձայանության կոնցեպտի առումով։ Այնպես որ, գալիք տարին խոստանում է լինել գուցե ոչ ամենահետաքրքիրը քաղաքական առումով, սակայն ներքին համախմբվածության մասով՝ հույժ կարևոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել