Երևի թե այնքան ռեզոնանս չստացավ Հայկազ Բաղմանյանի հրաժարականը, որքան այն լուրը, որ նրան գործից ազատել է Վիգեն Սարգսյանը, ընդ որում՝ նախարարը հստակ նշեց պատճառը՝ աշխատանքային պարտականությունների թերացում, որն անհամատեղելի է ծառայության հետ։ Սովորաբար Հայաստանում օդիոզ դեմքերի պաշտոնանկություն ամեն օր չես տեսնի։ Տեսնելու պարագայում էլ մենք սովոր ենք այն իրականությանը, որ ինչ-որ պաշտոնից ազատելու դեպքում պարոն «օդիոզին» հաստատ չեն թողնի՝ նեղացած մնա, ինչ-որ տեղ կտեղավորեն գուցե։ Այդօրինակ ներիշխանական «ռակիրովկաների» առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում։ Եվ ուրեմն՝ որն է Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու՝ մեր լավատեսության հիմքը։

Նախ՝ ի տարբերություն նախորդ անգամների՝ Բաղմանյանն իսկապես այն մարդն է, ում անունը 1990-ական թվականներից կապվում է զանազան կրիմինալ պատմությունների հետ։ Որևէ կերպ չժխտելով գեներալի վաստակն արցախյան առաջին գոյամարտում՝ ամեն դեպքում Բաղմանյանն իր հետագա գործունեության հանցագործ էությունը պայմանավորեց հենց այդ ծառայությամբ՝ ամրագրելով երկաթե ալիբի՝ ես գեներալ եմ, ես արյուն եմ թափել, ինձ կարելի է։ Իհարկե, թափված արյամբ կարելի է շատ բան պայմանավորել, սակայն մեկ բան է, երբ ինքդ ես այդպես անում, մեկ ուրիշ բան, երբ՝ դիմացինդ։

Հիմա առավել քան պարզ է, որ Հայկազ Բաղմանյանն այս ամբողջ ժամանակաշրջանում մեկ անգամ չէ, որ թերացել է իր պարտականությունները կատարելիս, հետևաբար միայն պաշտոնանկությամբ այս հարցը լիարժեքորեն չի բավարարի հանրությանը։ Խոսքը չի գնում անպայմանորեն գեներալին դատ ու դատաստանի ենթարկելու հանգամանքի կամ պահանջի մասին, սակայն դժվար, օրինակ, նույն Բաղմանյանը կանգնի ու ասի՝ գիտեք, ես այսքան ժամանակ սխալ եմ եղել, թալանել եմ, կրիմինալ եմ եղել։ Նա մինչև վերջ էլ պնդելու է իր անմեղությունը, որովհետև միայն Բաղմանյանը չէ այդ ամենով զբաղվել։ Բա հո մենակ «փուռը» չի՞ գնալու։ Եվ նրան հասկանալ կարելի է, հետևաբար ինչպես և նախորդ դեպքերում երևի թե կբավարարվենք նրանով, որ Հայկազ Բաղմանյան գեներալն այլևս ՊՆ-ում չէ։ Ինչպես ասում են, չեղածից լավ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել