Ձախ ձեռքիս ցուցամատը դնում եմ 4-ի վրա ու գրում հայերեն «Ձ»։ Աջ ձեռքիս ցուցամատը դնում եմ 0-ի վրա ու գրում մաշտոցատառ «Ճ» (հա ի՞նչ, touch typing էդպես էլ չեմ սովորել)։ Նույն ձեռքս միջնամատը ոչ մի տեղ չեմ դնում, պարզում եմ... ի նշան բողոքի։ Բողոքում եմ։

Հարգելի՛ հայրենի կառավարություն (պաշտոնական նամակը իր կանոններն ունի․ չես կարող ինչ մտքիդ գալիս է՝ գրես)։

Ուրեմն՝ հարգելի՛ կառավարություն, ձեզ դուր կգա՞, որ մտնեք ձեր բնակելի շենքի վերելակը ու, օրինակ, ութերորդ հարկ բարձրանալու համար (կառավարությունում որ քրքրես, ոնց էլ լինի ութերորդ հարկում ապրող կգտնես) ստիպված լինեք սեղմել STOP կոճակը, կամ «լիֆտյոռին» կանչելու կոճակը, կամ՝ ALT+«լիֆտյոռին» կանչելու կոճակը։

Ձեզ դուր կգա՞, որ ձեր խելախոսով զանգ կատարելու համար սեղմեք սիրուհու (հը, սո՞ւտ եմ ասում) համարի shortcut-ը, զանգը գնա «զոնքաջին»։ Սովոր չի, չէ՞, սիրելի զոքանչ-մայրիկը փեսայից վերջին երեսուն տարում ստացած առաջին զանգը վերցնի ու «ազի՜զ, հմի հագդ ինչ կա՞» արտահայտությունը լսի։
Ենթադրում եմ՝ չի գա (չնայած, ո՞վ իմանա)...

Բա ինչի՞ ա ձեզ թվում, որ ինձ ու էլի մի կես միլիոն մարդու (մի էդքան կլինե՞ն համակարգչից հայաստանցի օգտվողները... սփյուռքահայ օգտվողներին հլա չեմ հաշվում) դուր ա գալիս 4-ը սեղմել«Ձ»-ի համար, 0-ն՝ «Ճ»-ի ու էդպես շարունակ։
Չէ, եթե վեջներդ չի, էդ ուրիշ։ Մենք էլ իմանանք ու մեր գլխի ճարը ինքներս տեսնենք՝ մեկը խանութից անորակ «տիպեր» առնել-կպցնելով, մնացածները՝ հիշելով։ Այսինքն՝ ոնց անում էինք էսքան երկարուձիգ անկախ տարիներ։

Բայց որ բացենք, օրինակ, ՀՀ կառավարության N 382-Ն որոշումը ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, էնտեղ կկարդանք, որ լավ էլ վեջներդ ա։ Որովհետև, որ վեջներդ չլիներ, ինչի՞ պիտի էդպես սիրուն-սիրուն բաներ բստրեիք նույն որոշման նախաբանում։ Ահավասիկ՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՏ) ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության ամենամեծ և ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Այն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիական ինովացիաների, օտարերկրյա ներդրումների և աշխատուժի կատարելագործման բնագավառներում:» Ըհը, щас։ «Ձ»-ի համար 4 ու «Ճ»-ի համար 0 սեղմելով ամենաարագն ենք զարգանում, բա չէ։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը:» Մերձավոր արևելքի երկրում է՞լ են, օրինակ, لب գրելու համար 4-ու 5 սեղմում։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով բլա բլա բլա... հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՀՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը»։ Մեռնեմ կառավարությանը։ Էդ՝ ոնց ՊՆ-ն, կարևորելով բանակի դերը, սալդատներին «կալաշ» բաժանի ու... M16-ի փամփուշտներ։

Հարգելի կառավարություն, հատկապե՛ս՝ հարգելի Էկոնոմիկայի նախարարություն (տե՛ս վերևի վերապահումը), յուր հարգելի նախարարով ու հարգելի նախարարի տեղակալներով։ Իմ և մնացած «Ձ»ու «Ճ» տառերի փոխարեն 4 ու 0 սեղմող կամրադների անունից առաջարկում եմ՝ պատկան մարմիններով հավաքվե՛ք իրար գլխի ու մի բարաթ ստորագրե՛ք, թե սենց ու սենց՝ ով որ էլ ՀՀ տարածքում համակարգիչ վաճառի ու էդ համակարգչի ստեղնաշարի վրա պատշաճ ձևով գրված հայերեն տառերը չապահովի (ի՛ր գործն է՝ ինքնուրույն, թե օտարեկրկրյա արտադրողի հետ պայմանագիր կնքելով), փիս վաճառող ա՝ դրանից բխող բոլոր տույժ-տուգանքային հետևանքներով, որից հայրենի կառավարությունը, թութութու, լավ ա։

Պատշաճ ձևն էլ ենթադրենք էն է, որ սաքսոնատառն ու հայատառն իրարից չտարբերվեն։ Ո՞նց են էն դուսընկած սլավոնները իրենց սլավոնական դուսընկած տառերը մխում էդ ստեղների վրա՝ կարմիր կլինի, թե սպիտակ, soni vaio լինի, թե՝ macbook pro։
Այլ հարց է, իհարկե, թե հնչյունայի՞ն ստեղնաշարը պետք է ընդունվի որպես ստանդարտ, թե՞ մեքենագրայինը (ես, բնականաբար, երկրորդի կողմնակիցն եմ. անցումը գուցեև մի քիչ դժվար լինի, բայց անցնելուց հետո՝ լազա՜թ)։ Բայց դե տարածաշրջանում այթի լիդեր հանդիսացող երկրի համար էդ ի՞նչ հարց է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել