Որոշ ժամանակ առաջ, երբ Սաուդյան Արաբիայի երիտասարդ և հավակնոտ գահաժառանգ Մոհամմադ բին Սալմանը հայտարարել էր, որ իրենք պետք է ընտրեն չափավոր իսլամը և այլևս ռեսուրսներ չծախսեն ծայրահեղական գաղափարների համար, եղան կարծիքներ, որ հնարավոր է լինեն նաև Իրանի հետ հարաբերությունների վերանայում։

Սակայն, ինչպես ցույց են տալիս այս ընթացքում սաուդական կողմի կատարած քայլերը, ընդհակառակը՝ բոլոր հնարավորությունները գործի են դրվում տարածաշրջանում Իրանին զսպելու համար։ Ամենավառ օրինակը Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրիի հրաժարականը և հայտարարություններն էին Ալ-Ռիադում՝ ընդդեմ Իրանի։

Իսկ բոլորովին վերջերս, Սաուդյան երիտասարդ գահաժառանգը, “The New York Times” -ին տված հարցազրույցում, կոտրելով բոլոր կածրատիպերը, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին համեմատել է Հիտլերի հետ՝ վերջինիս անվանելով «տարածաշրջանի համար նոր Հիտլեր»։

Երկու հարևան երկրների հարաբերությունները տարածաշրջանում և իսլամական աշխարհում գերակայություն հաստատելու համար միշտ լաված վիճակում են եղել, սակայն վերջերս, կապված երիտասարդ և արկածախնդիր միապետի՝ քաղաքական ասպարեզ մուտք գործելու հետ, այդ լարվածությունն էլ ավելի է աճել, հատկապես՝ հռետորական մակարդակում։

Ինչ խոսք, Մոհամմադ իբն Սալմանը մի քանի ելույթներով և քայլերով արդեն ապահովել է իր շռնդալից մուտքը դեպի միջազգային քաղաքականություն։ Այս համեմատությունը թերևս այդ ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ էր, որի արդարացված լինելը կերևա հընթացս՝ կախված նաև իրանական կողմի պատասխանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել