Այս գրառումով ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր այն լրագրողներին, ովքեր ինձ աջակցել և աջակցում են։ Բոլորին անհատապես կհանդիպեմ և կհայտնեմ երախտագիտությունս։ Այսօր, սակայն, տեղեկացա, որ իմ բանտարկության առաջին օրից միտումնավոր (վստահ եմ այդ ծառայության դիմաց առատորեն վարձատրվել են) լուրեր են տարածվել, որ իբր ես իշխանության, մասնավորապես, իրավապահների հետ ինչ-որ դավադիր համագործակցություն եմ ունեցել։ Ցավով պետք է նշեմ, որ այս դարակազմիկ ապուշությամբ փորձել են ինձ պիտակավորել լրատվական դաշտում աշխատող անձանց միջոցով։ Նպատակը՝ իմ գործունեությունը սևացնելով բարեխիղճ լրագրողներին հեռու պահել իմ նկատմամբ հաշվեհարդարի լուսաբանումից։
Նույնիսկ ավելորդ եմ համարում անդրադառնալ այն փաստին, որ իշխանահաճո լրագրողին ոստիկանությունը չի ձերբակալում։ Սիրելի ԺՈՂՈՎՈՒՐԴ, կարծում եմ գաղտնիք չէ, որ իշխանության կամակատար լրագրողին պետք է փնտրել ոչ թե բանտերում, այլ անշարժ գույքի կադաստրում հերթական թանկարժեք գույքը ձևակերպելիս։ Իշխանության հլու կամակատարներին պետք է փնտրել գարեջրատուն ու դեղատների ցանց հիմնադրելիս։ Իշխանության հնազանդ լրագրողին պետք է փնտրել թանկարժեք ջիպի ղեկին։
Երբեք, կրկնում եմ, երբեք «կյանքը ուրախ, ապրուստը ձրի» կարգախոսով ապրողներին չփնտրեք բանտերում։
Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով է մեր երկրում փողի դիմաց ցանկացած լուր հրապարակելու թագուհին։
Առայժմ այսքանը, անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնամ այս թեմային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել