Այն, որ ԵԼՔ-ում ինքնակազմակերպման խնդիրներ կան, պարզ էր դեռ նախընտրական քարոզարշավից, երբ շատ արագ կայուն վարք դարձավ իրարից խաբար չլինելու ադաթը։ Սակայն, խորհրդարան անցնելով, ԵԼՔ-ականները սկսեցին դրսևորել ոչ միայն ինքնակազմակերպման ճգնաժամ, այլ հաճախ անմեղսունակության աստիճանին սահմանակցող ոչ պրոֆեսիոնալիզմի, պոպուլիզմի ու ֆրեյդիստական ինքնախոստովանության դրսևորումներ։

Օրինակ՝ Փաշինյանը երեկ լուրջ դեմքով առաջարկում է, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալների պաշտոնները լինեն ոչ թե նշանակովի, այլ ընտրովի՝ ԱԺ կողմից։ Հավանաբար Փաշինյանը տեղյակ չէ, որ վերջին անգամ նման տխմար ռեֆորմ արել է Լև Տրոցիկին, որի արդյունքներն այնքան անփառունակ էին, որ բոլշևիկները շատ արագ վերադարձրին ցարական բանակի մեխանիզմներն ու ուղղահայաց սուբորդինացիայի ինստիտուտները։ Օրինակ՝ մեկը հենց պարոն Փաշինյանը ի՞նչ է հասկանում բանակից, այն էլ՝ գլխավոր շտաբից, դրա ղեկավար կազմի պրոֆեսիոնալիզմի/ոչ պրոֆեսիոնալիզմի աստիճանից ու այլ չափորոշիչներից, որ մի հատ էլ ԳՇ պետի տեղակալներ ընտրելու լիազորություններ վստահենք իրեն։ Եվ ինչո՞ւ միայն իրեն։ Անձամբ ինձ համար խիստ տագնապալի բան կլինի, եթե ԳՇ պես կարևորագույն կառույցի անդամների ով լինելը կախված լինի Փաշինյանից, Մարգարիտ Եսայանից, Գալուստ Սահակյանից, Վարդանիկից, էն գողական դաշնակից ու այլ ադիոզ խորհրդարանական դեմքերից, ովքեր ոչ մի աղերս ու պատկերացում չունեն բանակի ու բանակին վերաբերող թեմաներից։

Եվ աբսուրդի այս թատրոնի կուլմինացիան տալիս է նույն ԵԼՔ-ի գլուխներից մյուսը՝ Մարուքյանը, ով, գանգատվելով իշխանություններից, տիպիկ լոռիական միամտությամբ անում է դասական ֆրեյդիստական ինքնախոստովանություն՝ բառացիորեն ասելով հետևյալը. «Իշխանությունները հավանություն չեն տալիս ՆՈՒՅՆԻՍԿ (այժմ ուշադրությո՜ւն) ադեկվատ նախաձեռնություններին, որն անում է մեր կուսակցությունը»։ Այսինքն՝ անգամ Մարուքյանն է հասկանում, որ իրենց սիրողական խմբակի բենեֆիսների առնվազն մի մասը ոչ այլ ինչ է, քան ոչ ադեկվատ նախաձեռնություն։

Եվ այս ամենի ամենատխուր կողմն այն է, որ ԵԼՔ-ը միակ փաստացի ընդդիմադիր միավորն է խորհրդարանում, ու մենք պարզապես այլընտրանք չունենք։ Տպավորություն է, որ հասունացել է այնպիսի գաղափարական ու ինտելեկտուալ վակուում քաղաքական դաշտում, որ միակ իրական ընդդիմությունը հենց ՀՀԿ-ի ներսում է՝ դրա հարաբերական առողջ տարրերի տեսքով, իսկ մնացածներն արտիստներ են լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ անմեղսունակներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել