Ինչո՞ւ Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրին։ Այս հարցի շուրջ քննարկումները շատ հաճախ, հայկական քաղաքական խասյաթի համաձայն, ավելի շատ հուզականության դաշտում են, ինչը, հաշվի առնելով քննարկումները, չորս նախադասությունից հետո անձնական դաշտ են մտնում։ Իսկ երբ դա տեղի է ունենում, կարելի է խաչ քաշել բովանդակային քննարկման վրա, հետևաբար միտք արտադրելու ու բանավեճ հրահրելու ՕԳԳ-ն հավասարվում է զրոյի։ Ինտելեկտուալ բանավեճի բացակայությունը շատ հաճախ հանգեցնում է զգոնության թուլացման։ Մեր քաղաքական դաշտում ընդդիմությունը սրա վրա հրճվում է, իշխանությունը՝ չարանում։ Արդյունքում նոր կռիվ է հասունանում այս անգամ արդեն ելակետային հուզականության դաշտում։ Հայաստանի քաղաքական կյանքի ամբողջ սնանկությունը հենց այստեղ էլ կայանում է։ Մինչդեռ պետության առողջացման, նրա կենսագործունեության ապահովողն առողջ միտքն է, թեկուզ շատ լուրջ գաղափարական տարաձայնություններով։ Սրա կործանարար հետևանքները մենք հետո ենք զգալու։ Այժմ անդրադառնանք բուն թեմային։

Ռուսաստան-ԵՄ հարաբերություններն, իհարկե, այսօր լավագույն մարզավիճակում չեն, ավելին՝ Սառը պատերազմից հետո Արևմուտքի հետ հարաբերություններն ամենամեծ ճգնաժամն են ապրում։ Հայաստանն այս հանգույցում առաջին հայացքից երկրորդական, սակայն իրականում շատ կարևոր դերակատարություն կարող է ունենալ։ Արդեն պետական մակարդակով հայտարարվել է, որ նոյեմբերին ստորագրվելու է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որին դեմ չէ Ռուսաստանը։ Որպես հակափաստարկ բերվում է 2013 թվականի սեպտեմբերը, երբ ասոցացման շուրջ չորս տարվա բանակցություններից հետո «մեկ գիշերվա» հայտնի որոշումից հետո Հայաստանը մտավ ԵԱՏՄ։ Անցել է չորս տարի, մեծ հաշվով, ԵԱՏՄ-ն դեռևս Հայաստանի տնտեսության վրա էականորեն դրական չի ազդել, չի ազդել նաև մյուս անդամ-պետությունների վրա, հետևաբար ակնկալել, որ ռուս-հայկական հարաբերություններում տնտեսական-քաղաքական դիսբալանս կա, սխալ կլինի։ Ավելին՝ Ռուսաստանն այսօր առավել, քան երբևէ կքել է արևմտյան սանկցիաների տակ, ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները ճգնաժամում գտնվող ԵԱՏՄ-ի համար կարող են այս երկու միությունների միջև ծառայել որպես յուրատեսակ կամուրջ՝ հարաբերությունների նորմալացման։ Գուցե ընթերցողը չհամաձայնի, սակայն շատ բան կախված է նաև Հայաստանից, որը, ըստ էության, որոշեց բաց խաղալ միայն ապրիլյան դեպքերից հետո, երբ ռազմավարական դաշնակիցը, բիզնես նկատառումներից ելնելով, հաստատակամորեն չխախտեց Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների բալանսը։ Այնպես որ, ամեն ինչ օրինաչափ է։ Միակ բանը, որ մնում է հայկական կողմին, քաղաքական կամքի առկայությունն է։ Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն այս նրբությունը շատ լավ են պատկերացնում ու հանգամանալից բացատրության դեպքում շատ լավ էլ հասկանում են Հայաստանի շահը։ Մի բան, որ շատ հաճախ չեն հասկանում նույնիսկ Հայաստանի պրոռուսական կամ պրոարևմտյան հոսանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել