Երեկ Պետրոսի հյուրը «Հայոց Աշխարհ» օրաթերթի լրագրող Կիմա Եղիազարյանն էր: Նրան հեռացրել են գործից, քանի որ վերջերս ՖԲ-ում հակաիշխանական գրառումներ էր կատարում: Երեկ Կիման ասում էր, որ այդ օրաթերթը իշխանամետ է և չէր հասկանում, թե ինչու են իրեն հեռացրել` որակելով անարդար և բողոքելով, որ առանց գործ մնաց և ստիպված է հեռանալ երկրից, իսկ Պետրոսը զարմանք էր ապրել, թե այդ ինչպես են բռնացել նրա ազատ մտքի թռիչքին և ազատ խոսքին: Նախ եկեք առանց «շոու» սարքելու հասկանանք՝ ինչ է կատարվում և սրտաճմլիկ բառեր չասենք, որ հեռանում եմ երկրից, բա ինչ անեմ: Նման փորձ ունեցող լրագրողը աշխատանքի խնդիր չի ունենա, ինչպես ասում են մեր մեծերը` «տաշած քարը գետնին չի մնա»: Բայց ես չեմ հասկանում, որ մարդիկ զարմանում են, թե ինչու է խմբագիրը հեռացրել Կիմա Եղիազարյանին, պատկերացնենք, որ մենք աշխատում ենք «Coca-Cola» ընկերությունում և այնտեղ զբաղեցնում ենք բավականին կարևոր պաշտոն, բայց սոցիալական ցանցերում «Pepsi» ընկերության արտադրանքը և որակն ենք հրամցնում, իսկ «Coca-Cola»-ն փնովում: Եվ ի՞նչ եք պատկերացնում, որ այս դեպքում պետք է ազատամտության համար ճակատը պաչեն ու խրախուսե՞ն: Եթե դու չես հավատում այն գործին և այն ընկերությանը, որտեղ որ աշխատում ես, ապա երբեք քո արած գործը չի կարող հաջողություն բերել ընկերությունում: Իսկ այն լրագրողները և հաղորդավարները, ովքեր այդպես զարմացել են, թե ինչես եղավ, որ Կիմայի ազատ մտքի և խոսքի համար իրեն հեռացրին աշխատանքից ու անհիմն մեղադրեցին իշխանություններին, թող մեկ գրառում անեն՝ ոչ թե փնովելով իրենց հովանավորներին, այլ ընդամենը «լայքեն» մի հոդված, որտեղ իշխանությունների գովքն է, և կտեսնեն, թե ոնց են դուրս թռչում աշխատանքից ու չեն զարմանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել