Իրանի դեմ կազմակերպված վերջին ահաբեկչական գործողությունների հիմնական նպատակներից մեկն էլ Իրանի զսպման փորձն էր։ Տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերը հասկացել էին, որ Իրանը դանդաղ, բայց հաստատուն ու հարաճուն կերպով իր ներկայությունն ու ազդեցությունն է ապահովում տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում՝ Թուրքիայից մինչև Հինդոս, Ճորա պահակից մինչև Աֆրիկա ընկած տարածքններում։

Իրանը տարբեր ձևաչափերով «ներկա» է Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Թուրքիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Տաջիկստանում, Ադրբեջանական Հանրապետությունում և Պարսից ծոցի արաբական միապետություններում։

Այն, որ Իրանը տարածաշրջանային գերտերություն է, երևի թե հասկանում են բոլորը, և վերջին ահաբեկչական գործողությունները միտված էին հենց այդ օբյեկտիվ իրականության փոխելուն։ Սակայն այն, որ Իրանը փորձում է իր ներկայությունը ապահովել Հին Աշխարհամասում, հավանաբար անակնկալ է բոլորի համար, մանավանդ այնպիսի մի ժամանակահատվածում, երբ, ըստ Արևմտյան վելուծաբանների, «Իրանի համար ծանր օրեր են»։

Այսպես՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մ․Ջ․ Զարիֆը, Օսլոյում հանդիպելով Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳ նախարար Ի․ Ցրնադակի հետ, կարևորել է Իրանի և Բոսնիայի, մեղմ ասած, շատ ջերմ և բարիդրացիական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է համագործակցել Բոսնիայի հետ՝ վերջինիս անվտանգությունը և կայունությունը ապահովելու և պաշտպանելու համար։

Եթե ստացվի այնպես, որ Բոսնիան էլ իր պատրաստակամությունը հայտնի և համաձայնվի ընդունել Իրանի կողմից մեկնված անվտանգություն և կայություն երաշխավորող ձեռքը, ապա Իրանի կողմից հետաքրքիր խաղարկված պարտիա կունենանք․

Այն պահին, երբ Արևմուտքն իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանային զինվորների խաղարկմամբ փորձում է Իրանին պատային վիճակ հայտարարել, Իրանը բոլորի համար անսպասելի ձիով քայլ է կատարում՝ շախ հայտարարելով Արևուտքին: Եվ եթե փորձենք շախմատային իրավիճակից անցում կատարել համերգայինի, ապա Իրանը, փաստորեն, իր ձեռքն է փորձում վերցնել Մերձավորարևելյան գործընթացների դիրիժորությունը և հայտարարում «մենահամերգ Եվրոպայում» ծրագրի մեկնարկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել