Հայաստանում, ըստ էության, քարոզարշավի անհրաժեշտություն չկա։ Կարելի է միանգամից նշանակել ընտրությունների օրն ու գնալ քվեարկության։ Քարոզարշավի անհրաժեշտություն չկա այն միակ եւ պարզ պատճառով, որ մեր քաղաքական դաշտում մշտապես նույն ուժերն ու անհատներն են, որոնց գործունեությանը, կատարած աշխատանքին ծանոթ է մեզնից յուրաքանչյուրը։ Եթե քարոզարշավի գլխավոր նպատակն այն է, որպեսզի ներկայացվեն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, ապա դա կարելի է անել մամուլով, սոցիալական կայքերով կամ մեդիա դաշտում ընդհանրապես։ Նախընտրական քարոզարշավի համար գումարներ ծախսել եւ շրջել Հանրապետության ամբողջ տարածքով պետք չէ։ Չկա կարիքը։ Նաեւ նախընտրական քարոզարշավը չէ, որ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ուղղորդի ընտրության` այս կամ այն կուսակցության կամ քաղաքական ուժի օգտին։ Մեր երկիրը շատ փոքր երկիր է, որտեղ մնացել է մի «մառշռուտկա» հայ, որտեղ եթե մեկը փռշտում է, ամբողջ ազգով ասում ենք՝ առողջություն... Այսինքն՝ մեծ հաշվով՝ բոլորն էլ միմյանց ճանաչում են։ Մեր երկրին քարոզարշավ պետք չէ։ Մեր երկրին պետք է միայն մեկ բան՝ ի վերջո դառնալ իսկապես բարեկեցիկ երկիր, յուրաքանչյուր հայի (այլ ոչ թե հայերի մի փոքր մասի) երազած ծաղկող երկիրը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է խաղալ ճիշտ կանոններով` համախմբվել քաղաքական ուժերին, վերջապես մտածել միայն երկրի ու ժողովրդի մասին, եւ միայն այդ ժամանակ յուրաքանչյուր հայ հպարտությամբ կասի, որ ինքն ազատ ու անկախ Հայաստանի բարեկեցիկ հանրապետության իրական տերն է եւ գեղեցիկ երկրներից մեկի հպարտ քաղաքացին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել