Անկեղծ ասած՝ որևէ կերպ չեմ հասկանում Արսինե Խանջյանենց նախաձեռնությունը, որի շրջանակներում նույն Արսինեն, Սերժ Թանկյանը և մի շարք այլ հայտնի սփյուռքահայեր պետք է ընտրությունների գան Հայաստան ու դիտորդական առաքելություն իրականացնեն։

Խնդիրն այն չէ, որ դա կարող է որևէ դրական կամ էլ բացասական ազդեցություն ունենալ ընտրական պրոցեսի ու դրա արդյունքների վրա, որովհետև, ինչպես գիտենք, բուն քվեարկությունը գրեթե միշտ լինում է հարթ ու մինիմալ խախտումնրով։ Իրական կեղծարարությունը տեղ է գտնում դեռ մինչև ընտրատեղամաս հասնելը ու չեմ պատկերացնում, թե Արսինեենք ինչքանով են կարենալու ազդել դրա վրա։ Անգամ կասկածում եմ, որ նրանք գոնե մոտավոր պատկերացում ունենան այն բլոր մեխանիզմների մասին, որոնք տեղ են գտնում հայաստանյան ընտրություններում։ Էլ չխոսեմ այն մասին, որ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայելու մաքսիմալ թափանցիկ ընտրական պրոցես կազմակերպելու համար։

Խնդիրն այն է, որ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ի սկզբանե բացասաբար եմ վերաբերվում սփյուռքի մեր որոշ ներկայացուցիչների այսօրինակ ընկալմանը։ Տպավորություն է, որ մենք այստեղ վայրի աբորիգեններ ենք, իսկ իրենց, իրենց լուսավոր Եվրոպաներն ու Ամերիկաները թողած, պետք է գան ու մեզ ճիշտ ընտրություններ անցկացնել սովորեցնեն։ Ճիշտն ասած՝ դա մեծ տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, թե նույն ԱՄՆ-ում ինչ խայտառակ ընտրություններ անցկացվեցին։ Բացի դրանից՝ ընտրությունները քաղաքացիների կամարտահայտման սրբազան հարթակ են ու դրանցում դերակատարություն ունենալու համար զուտ հայ լինելը դեռ քիչ է, պետք է նաև քաղաքացի լինել կամ էլ գոնե պետական շահը համարել սեփականը։ Այս համատեքստում ինձ մոտ հարց է առաջանում նույն Արսինեի ու նրա թիմակիցների մասով․ սիրելի սիրելինե՛ր, իհարկե լավ է, որ դուք հայտնի եք ու հայ եք, որ նպաստում եք մեր ազգի շուրջ դրական ընկալման ստեղծելուն, բայց արդյո՞ք դա բավարար է ներքաղաքական պրոցեսներին խառնելու համար․․․

Այլ կերպ ասած՝ այս նախաձեռնությունն անիմաստ փուչիկ է, որը չի տալու ոչ մի շոշափելի արդյունք, բայց կարող է ստեղծել խնդիրներ, որովհետև մեկը ես իրոք հոգնել եմ սփյուռքի բոհեմի ներկայացուցիչների այսօրինակ վերաբերմունքից, երբ Հայաստանը ընկալվում է միայն մեկումեջ ինչ-որ միջոցառումների շրջանակներում այցելության վայր, իսկ հայաստանցիները՝ որպես կիսագրագետ ու վայրի մասսա, որը արտասահմանյան միսիոներների լուսավորչական աշխատանքի կարիք ունի։ Պետք չի, ախպեր։ Ավելի լավ է, եկեք Հայաստան ու այստեղ ապրեք, մեր դարդը մեր հետ կիսեք։ Այդժամ Ձեր նախաձեռնությունները շատ ավելի ընկալելի ու դյուրամարս կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել