Похожее изображениеԴեղերի շուկայում խախտումները որքան էլ նվազեն, միևնույն է, շարունակում են անհանգստացնող մնալ: Հայաստանյան շուկայում իրականացված ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է 56 անվանում ժամկետնանց դեղ՝ 12 կազմակերպությունում: 45 կազմակերպությունում հայտնաբերվել է 196 անվանում չգրանցված դեղ։ Այս մասին կայքերից մեկին հայտնել են Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունից:

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի հանձնարարականից հետո: Դիմելով նախարար Լևոն Ալթունյանին՝ վարչապետը հանձնարարել էր երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

Նախարարությունից նաև հայտնել են, որ հարուցվել է 52 վարչական վարույթ՝ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ 47 կազմակերպության տնօրենի տրվել են կարգադրագրեր, և նրանց նկատմամբ կիրառվել է վարչական տույժ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել