Картинки по запросу հաց բերողՀաց բերողին նախընտրական ցուցակների մեջ ներառելը ի սկզբանե ոչ այլ ինչ է, քան քաղաքական էժան պոպուլիզմ։ Ու եթե Անդրիասին ներառելը կարելի էր հասկանալ, ապա Հաց բերողի անունը օգտագործելը չափազանց էժան է՝ նույնիսկ Օսկանյանա-Րաֆֆիա-Օհանյանական տանդեմի համար։

Նախ՝ պարզ է, որ նրան հաստատ չեն տալու անցողիկ հորիզոնական, եթե մի պահ ենթադրենք, որ աշխարհի ամենատարօրինակ դաշինքը, այնուամենայնիվ, հաղթահարի 7 տոկոսի շեմը։ Ստացվում է, որ նրա անունը ներառում են զուտ նրա համար, որպեսզի քերեն Սասնա ծռերին համակրող զանգվածի քվեները։ Նույնն էլ կարելի էր ասել նաև Անդրիասի մասին, բայց Անդրիասը միայն մասամբ կարող է խորհրդանիշ ծառայել այս հարցում։ Վերջիվերջո, նա այն գլխից էլ այս նոր քաղաքական էքսպերիմենտի իրական ճարտարապետների մարդն էր ու տրամաբանական էր, որ նրան վերջնականապես չէին լքելու։

Այս ամենում կա ևս մեկ բան, որը այս բեմականացումը էլ ավելի սխալ է դարձնում։ Ներողություն համակիրներից, բայց Հաց բերողը ոչ մի կերպ չի կարող համարվել ողջամիտ ու գիտակից քաղաքացու կերպար։ Նույնիսկ ավելին՝ նա մարմնավորում է այն ամենը, ինչ դեմ է քաղաքացի ու պետության եզրույթին։ Ու որքան էլ հնարավոր լինի արդարացնել նրա արարքը զուտ մարդասիրական տեսանկյունից, միևնույն է, քաղաքացիական տեսանկյունից, դա ծայրաստիճան անապատասխանատու ու ավանտյուրիստական քայլ էր։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե նրան սպանեին։ Ասենք թե այսպես լիներ, ու փողոցի ժողովուրդը նոր բախման գնար ոստիկանության հետ, ու նոր տուժողներ և զոհեր լինեին․․․ Ո՞վ էր լինելու այդ նոր լարվածության մեղավորը, եթե ոչ Հաց բերողը։

Իմ կարծիքով՝ խիստ սխալ ու վտանգավոր է այսքանից հետո Սասնա ծռերին ու նրանց հարակից տարրերի հերոսացումն ու ռոմանտիզացումը, որովհետև դրա պտուղները քաղելու ենք վաղը։ Չի կարելի նման անպատասխանատու ռազմավարություն վարել՝ հանուն կարճաժամկետ դիվիդենտների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել