(Հատված «Օրվա խորհուրդը» գրքից)
Ընթերցվածք` Ելք 4.1-21, Հով. 3.9-21
«Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին: Մի՞թե ոչ ես` Աստուածս: Արդ, գնա´, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պետք է ասել»» (Ելք 4.11-12): Այս տերունական պատգամը կարևոր մի գործոն է, զորավոր գործիք յուրաքանչյուր հավատացյալի ձեռքին: 
Մովսեսի մտահոգությունն էր, որ իրեն չպիտի հավատան: Առաքյալների մտավախությունն էր, թե ինչպես պետք է վարվեն, երբ իրենց ատյանների առջև կանգնեցնեն: Սակայն Տերը, հաստատելով, որ Ինքն է Արարիչն ամեն ինչի, հորդորեց նրանց վստահել Իրեն և համարձակ դավանել Բարձրյալին: 
Երբ մենք դավանում ենք, խոստովանում ենք, վկայում ենք մեր Տիրոջը, ապա մեզ անելանելի թվացող ինչ իրավիճակում էլ որ հայտնվենք, Նա մեզ տալիս է իմաստնաբար վարվելու և Ճշմարտությունը վկայելու կարողությունը: ...Աներկյուղ ապրենք մեր կյանքը: Եթե Աստված առկա է մեր կյանքում, վստահ լինենք, որ դժվարին պահերին, երբ բանանք մեր բերանը, Նա կսովորեցնի, թե ինչ պետք է խոսել: Հիշենք, որ ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է (տե´ս Հովհ. 3.18):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել