Օրացուցային գարնան ութերորդ օրն է, իսկ քաղաքական գարունն ավելի շուտ է եկել՝ փետրվարի տասնութի առավոտյան, երբ Հայաստանն արթնացավ, ու բոլորի համար անսպասելի բացահայտվեց, որ սառույցը շարժվել է։

Հայաստանը հիմա նոր քաղաքական քարտեզ ունի կամ բարոյական բաժանարար, որի մի հատվածում պետության արժանապատիվ ու իրավատեր քաղաքացին է՝ տիրոջ պատասխանատվությամբ, ազատության, արդարության ու իրավական երկիր կառուցելու հանձնառությամբ, մյուս կողմում՝ կեղծիքով, քծնանքով, քաղաքական ահաբեկչությամբ ու պետության կեղծ բանաձևով գոյատևող իրականությունը։
Գործածում եմ բաժանարար բառը՝ հաշտ չլինելով սեփական հայրենիքիս մեջ այս բառի քաղաքական տարողությանը, անգամ վախենալով դրա բովանդակությունից, որովհետև մեր իրականության մեջ գարունն այլևս անդառնալիորեն ասոցացվում է նաև մարտի 1-ի հետ։ Այո, մարտի 1-ը ներքին բաժանարարի ամենաողբերգական, ամենաամոթալի արտահայտությունն էր, ծանր ժառանգություն մեր՝ առանց այն էլ արտաքին ու ներքին պարտություններով հարուստ պատմության մեջ։ 
Ու հերթական անգամ թվում էր, թե մարտի մեկի ծանր դասն իբրև քաղաքական ինքնամաքրման ու խոհեմության զանգ կսթափեցներ, իշխանությունը կհասկանար այն պարզ ճշմատությունը, որ կեղծված ընտրություններն անհանգիստ փողոցի, անկայուն երկիրի ու խոցելի իշխանության ցուցիչ են, ու չիրացված քաղաքական նկրտումները, արգելափակված համազգային գաղափարներն ու արդար ընդվզումը միևնույն է պիտի ճշտեն իրենց հոսանքը, որովհետև կուտակված էներգիան հնարավոր չէ երկար կոնսերվացնել։
Անհանգիստ է Երևանը, անհանգիստ են Գյումրին, Վանաձորը, Ղափանն ու Աշտարակը։ Հայաստանի իրավատեր քաղաքացին չի նահանջում և ոչ էլ ուզում իր ճակատագիրը օտար աշխարհագրություններում փնտրել։ 
Մեր քաղաքական գարունն իսկապես, կամ գոնե իմ կարծիքով, անսպասելի եկավ։ Սպասում, տագնապ ու նաև անհամբեր հույս կա օդում, ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքական պատվեր։
Իսկ իշխանության զինանոցում միտինգ «ցրելու», քծնողների հայտնի ու մաշված «երգչախմբին» եթերներ տրամադրելու, ներքին ու աներևույթ սպասյակների «ինստիտուտը» գործարկելու զինանոցն է։ Եվ իհարկե մշտապես շահարկվող ու հրապարակ նետվող մոտիվը, թե ներքին անկայունությամբ թշնամու ջրաղացին ենք ջուր լցնում կամ դառնում գործիք արտաքին ուժերի ձեռքին։

Հասկանալի է անշուշտ. արաբական գարուններն՝ իրենց տխրահռչակ հետագծով ու մշուշոտ, խիստ մշուշոտ հեռանկարով, շահարկման աղբյուր են։ Բայց միայն նրանց համար, ովքեր սեփական սխալները չտեսնելու համառությամբ ու քաղաքական կարճատեսությամբ չեն ուզում առերեսվել իրականությանը։ 

Եթե իսկապես անկեղծ էր ներքին կայունությամբ երկիր ունենալու կամ արտաքին ուժերին մեր երկրում խաղերի առիթ չտալու իշխանության ցանկությունն ու քաղաքական հավատամքը, ապա նրանք ժամանակ ունեին կառուցելու այն երկիրը, ուր մարդն արժեք է, ուր օրենքն աշխատում է ու բոլորի համար հավասար է աշխատում: Արցախը շարունակ շահարկողներն ավելի լավ կլիներ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված երկիրը կառուցեին, ու մենք ազգովին ավելի մոտ կլինեինք Արցախի ու համազգաին այլ խնդիրների լուծմանը։ Իրավիճակային, սոսկ իշխանություն պահելու մոտեցումը հեռանկար չունի և իշխանությունը հարկադրված է գնալ բանակցությունների ու կոմպրոմիսների, սա է պահանջում Հայաստանի հեռանկարը։ Ու նաև պետք չի մոռանալ, որ վարչական իշխանությունը դեռ հոգեւոր ու ինտելեկտուալ իշխանություն չէ և դժվար է հաղթել կամ համոզիչ լինել դրսում, երբ տանդ տեր չես ու տանդ մեջ տեր չես։ 
Նոր քաղաքական իրողություն է ստեղծվել, որը կողմնորոշված է դեպի ազատության, իրավունքների և արդարության սկզբունքները։ Այս սկզբունքները դեպի ազատության հրապարակ ու Րաֆֆի Հովհաննիսյան են բերում շատ ուժերի, իսկական մտավորականների ու քաղաքացիական հասարակությանը, իսկ այս որակյալ հասարակությունը նաև Հայաստանի բնական հարստությունն է։ 
Սպասում, տագնապ ու նաև անհամբեր հույս կա օդում, ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքական պատվերը։ 
Այսօր՝ մարտի ութին, հերթական հանրահավաքն էր Ազատության հրապարակում, ու հարյուրավոր հայ կանայք, մայրեր ու քույրեր տոնական օրվա և առհասարակ արժանապատիվ կյանքի հեռանկարը կապում են այդ հրապարակում ծավալվող ու այնտեղից սկիզբ առնող Նոր Հայաստանի հեռանկարի հետ։

Անհանդուրժողականությունը, դառնությունն ու անտարբերությունը կշարունակեն մեզ ամուլ ճանապարհով տանել, եթե չգիտակցենք մեր մի բուռ հայրենիքում ներքին բաժանարարների վտանգավորությունը։ Իսկ քաղաքական պատասխանատվոթյան ծանր նժարը իշխանությունների դաշտում է։

08.03.13

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել