Համաձայն եմ, այո, երազած հայրենիքի համար պատասխանատու են բոլորը։ Այո, քաղաքացիական հասարակությունը պատասխանատվություն է կրում նաև պետության ու իշխանության որակների համար։ Ու, որքան էլ դժվար է կայացած ժողովրդավարություններին բնորոշ այս բանաձևը կիրառել Հայաստանում, այնուամենայնիվ, կան քաղաքացիական հասարակության համառ օազիսներ, որոնք ինքնամաշումի հյուծիչ պայքարով, հիասթափությունների, դառնությունների ու վիրարավորված արժանապատվության գնով փորձում են ապացուցել, որ երկուսին գոււմարած երկու չորս է։ Քաղաքացիական ու հանրային իրավունքների պայքարի թե՜ մասնակից եմ, թե՛ ականատես։ Ավաղ, շատ հաճախ, կամ հիմնականում, այդ պայքարը չինական պատի հետ կռիվ կամ խուլերի եկխոսություն է հիշեցնում։ Ի՞նչ քաղաքացիական պատասխանատվության մասին եք խոսում, երբ չեն աշխատում օրենքները, երբ խեղվում է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծ օրենքը, երբ այլանդակվում ու կործանվում է պետության կողմից պաշտպանվող հուշարձանը, ու պետությունն անկարող-անզոր է օլիգարխի շահի առջև, ի՞նչ քաղաքացիական պատասխանատվության մասին եք խոսում, երբ բնությունը, մշակութային ժառանգությունն ու ազգային հարստությունը ստորադաս են բիզնես շահին։ Ու ոչ մի պատասխանատվություն՝ նրանք վեր են օրենքից։ Իսկ քաղաքացիական պայքարից հոգնած, հյուծված ու հուսալքված, երկրից օտարվող երիտասարդը բռնում է հեռանալու ճանապարհը։ Օրինակներն ու օլիգարխների անուններն ինձնից լավ գիտեք։ Քաղաքաշինական, մշակութային ու բնապահպանական խնդիրներին վերաբերող տասնյակ նամակներ՝ ստորագրված հենց ձեր նշած քաղաքացիական հասարակության կողմից արհամարհված ու անպատասխան են մնացել։ Քաղաքացու բաժին քայլի մասին եք խոսում, այսքանից հետո ի՞նչ քայլ է մնում, ինքներդ մտածեք...
Ի դեպ, քաղաքացիական հասարակությունը իր պատասխանատվությունն ու դիրքորոշումը հայտնում է նաև կամ հիմնականում ընտրությունների ճանապարհով, ու որքան էլ իշխանություններն ու նրա ծառաները խեղեն ու գողանան նրա ձայնը, նա արթնացել է։
Այո, ճիշտ եք՝ մեր երազած հայրենիքի համար պատասխանատու են բոլորը, ու ի՜նչ լավ է, որ այդ պատասխանատու ու արժանապատիվ քաղաքացին արդեն կողմնորոշվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել