Դերժավայի Արկադիկի ուժերը խեղճ առաքիչների վրա է պատում։ Ու քանի-քանի պատմություններ են եղել, երբ Դերժավայի Արկադիկը, Լֆիկը և այլ օլիգարխներ ծեծով ու ջարդով փողեր և ունեցվածք են պոկել խեղճուկրակ աշխատակիցներից։

Այսօր անգամ զարմացա, որ դատավոր է գտնվել, ով մերժել է Դերժավայի Արկադիկի դատական հայցը, որով նա մոտ 2 միլիոն դրամ պարտքի համար ուզեցել է օտարել իր նախկին առաքչի տունը՝ իբր աճուրդային կարգով վաճառելու և վնասը փոխհատուցելու համար։ Լավ, էս մի առանձին դեպքում, ասենք, դատարանը մերժեց, բայց քանի՜ նման դեպքեր են եղել, երբ բանը դատարան չի հասել։ Շատ։ Անչափ շատ։ Ու ոչ միայն Դերժավայի Արկադիկի կողմից։

Այս պարագայում ես բնավ չեմ ցանկանում արդարացնել առաքչին, ով պարտք է կուտակել կամ էլ վատնել է հիմնարկի փողերը։ Անհեթեթ կլիներ նման դիրքորոշում ունենալը։ Բայց ինձ համար զզվելի է, երբ օրենքն ու արդարությունը միայն քյասիբի դեմ է աշխատում։ Անարդար է, երբ շարքային առաքիչը պետք է մինչև վերջին լուման հատուցի նույն Դերժավայի Արկադիկին, մինչ նույն Դերժավայի Արկադիկը, վստահորեն, բազմաթիվ չգրանցված աշխատողներ ունի ( չի բացառվում, որ նույն այդ առաքիչը չգրանցված լիներ)։ Իսկ դա արդեն գողություն է պետությունից ու մեզանից յուրաքանչյուրից, որովհետև նա չի վճարում համապատասխան հարկեր ու տուրքեր, չի տրամադրում սահմանված վճարովի արձակուրդ և այն ամենը, ինչ պարտավոր է տրամադրել աշխատանքային օրենսգրքով։

Դրա համար էլ կրկնում եմ․ ինչո՞ւ օրենքը պետք է ողջ խստությամբ գործի առաքչի համար, իսկ Դերժավայի Արկադիկի համար գործի վերապահումով։

Հ․Գ․ Ի դեպ, ի՞նչ իրավունքով է նույն Դերժավայի Արկադիկը զբաղվում բիզնես գործունեությամբ՝ լինելով ԱԺ պատգամավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել