Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ ձևավորվել է Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքները համակարգող խորհրդի նոր կազմ, ապա հավելել է, թե իրենց պայքարի ճիշտ ուղին ինքը համարում է վստահության կառավարության ձևավորումը, որի գործառույթներից մեկը պետք է լինի այս իշխանությունների հեռացումը:

Թերևս ես թերահավատությամբ կմոտենամ նմանատիպ հայտարարություններին, քանի որ իշխանությունների հեռացմանն ուղղված որևէ կոնկրետ քայլ չի նշվում: Ու արդեն մի քանի շաբաթ է, ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, նույնպես կոնկրետ որևէ առաջարկ ու ուղի չի ներկայացվել հանրությանը:

Քաղաքական այս թիմն արդեն հանդես եկել է ոչ մի տեղ չտանող հայտարարություններով ու կառույցներով, ինչպիսիք ժամանակին Նախախորհրդարանը, ապա՝ Հիմնադիր խորհրդարանն էին, որոնք ըստ նախապես հնչող հայտարարությունների, ինչ որ կերպ պետք է փոխարինեին ՀՀ գործող Ազգային ժողովին, պետք է հեռացնեին իշխանություններին և այլն, բայց ինչպես տեսանք, այդ կառույցներն ի տարբերություն իրենց ամպագորգոռ հայտարարությունների այդպես էլ մնացին ՀԿ-ի մակարդակում:

Հիմա նույն բանին ենք ականատես լինում: Դեպքերը կրկնվում են: Ստեղծվում է Վստահության կառավարություն, որի գործունեությունը մնալու է հայտարարությունների մակարդակում: Ու իմ այս համոզման պատճառն այն է, որ մի կողմից՝ մինչև հիմա որևէ ճանապարհային քարտեզ չի ներկայացվել, իսկ մյուս կողմից՝ մինչև այժմ եղած փորձը դա է ցույց տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել