«Սասնա ծռեր» խմբի ապստամբների կողմից Երևանի ՊՊԾ գնդի գրավումից 9 օր է անցել: Քաղաքացիների շրջանում առաջին օրերին ստեղծված վախն ու խուճապը հիմա ավելի շատ վերածվել է սպասումի: Բոլորն անհամբերությամբ սպասում են, թե ինչպես է հանգուցալուծվելու անսովոր այս իրավիճակը:

Խորենացի փողոցում՝ ՊՊԾ տարածքից քիչ հեռու, ևս հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Այստեղ հավաքված մտահոգ քաղաքացիների կողքին պարբերաբար կարելի է տեսնել քաղաքական դեմքերի: Սկզբում ակտիվ էր Նիկոլ Փաշինյանը, ով փորձում էր միջնորդական առաքելություն ստանձնել: Սակայն որոշակի խանդով վերաբերվելով վերջինիս ակտիվությանը, ասպարեզ եկան ԲՀԿ-ն և «Համախմբում» կուսակցությունները` փորձելով ինչ-որ ավելի նեղ կուսակցական խնդիրներ լուծել:

«Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով Խորենացի էր եկել կոնկրետ հաշվարկներով, ստիպված եղավ մտովի գնալ ոչ վաղ անցյալ ու հիշել այն ժամանակները, երբ ինքն իշխանության ներկայացուցիչ էր: Սակայն Նիկոլն էլ երկար չմնաց ջրի երեսին: Այնքան, մինչև ՊՊԾ տարածքում գտնվողները հայտարարեցին, որ Ն.Փաշինյանն իրավասու չէ հանդես գալ ժողովրդի առաջ և խոսել իրենց անունից: «Սասնա ծռերի» դիրքորոշումներից ու հայտարարություններից պարզ դարձավ, որ վերջիններս չեն ցանկանում իրենց և իշխանությունների միջև որպես միջնորդ տեսնել որևէ ընդդիմադիր ուժի:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, ով արդեն երկու անգամ հեռացել է Խորենացի փողոցից, երեկ մասնակցում էր երթին: Նիկոլը այս անգամ վերադարձել է քաղաքացիների կողքին կանգնելու պայմանով, նրան ամբիոնն այլևս չի ձգում: Այսօր նաև հայտնի դարձավ, որ Խորենացի փողոցում իրականացվող ակցիաներին կմիանա նաև «Ալյանս» կուսակցությունը, իսկ «Համախմբումը» իր կուսակիցներին ու համախոհներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ցույցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել