«Կարֆուրի» չուզողները, ուզողները, տնտեսագետները, վերլուծաբանները, դեմ պայքարող գործարարները, կողմ` Ալեքսանյանի հակառակորդները և Սամվել Կարապետյանի որոշումը: Բավականին ծավալուն քննարկումներ են գնում այս թեմայով: Ես փորձեցի կարդալ բոլոր նյութերը, լսեցի և կարդացի շատերի կարծիքները և հիմա կփորձեմ վերլուծել այս խառը իրավիճակը: Նախ հետաքրքիրը այն է, որ հոդվածներում, գրառումներում, հայտարարություններում չնկատեցի մի մոտեցում, որ բանակցության սեղանին դնի փոխշահավետ պայմաններ, օրինակ` «Կարֆուրը» թող բացվի, զարգանա, մրցակցի, բայց նաև կամուրջ դառնա հայկական արտադրանքի արտահանման համար: Մեզ մոտ մարդիկ բաժանվել են երկու թիմի, կեսը ասում է՝ «Կարֆուրը» կվնասի տեղական արտադրությանը, իսկ մյուս կեսը ասում է՝ մրցակցություն կբերի: Երկու թիմերն էլ ճիշտ են, բայց այստեղ ինչպես միշտ գործում է «հայկական վարյանտը» և ոչ մի տեղ չկա նետրալ կարծիք, որը չի լինի ծայրահեղ` այսպես ասած «ուզում ես ուզի, չես ուզում…. հավաքվի ու……»: Ես համաձայն եմ, որ «Կարֆուրը» մրցակցություն կմտցնի մեր շուկայում, ինչը պարտադիր է այդ ոլորտի զարգացման համար: Ինչպես նաև համաձայն եմ, որ կվնասի տեղական արտադրողներին` չվաճառելով հայկական արտադրանք «Կարֆուրի» խանութներում, տեղական արտադրողները կկրեն զգալի վնասներ: Իսկ այս ամենի լուծումը պետք է լինի փոխհամաձայնությունը և երկկողմանի շահը: Կարելի է օգտագործել «Կարֆուրի» մուտքի թույլտվությունը և հանդես գալ առաջարկությամբ, իսկ բանակցության սեղանին պետք է դրվեն հետևյալ պահանջները`
1. Հնարավորություն տալ տեղական արտադրողին համագործակցել և արտադրանք մատակարարել «Կարֆուրի» խանութներին:
2. «Կարֆուրի» հայաստանյան մասնաճյուղում ստեղծվի մի բաժին, որ միջնորդ լինի հայկական արտադրողների և «Կարֆուրի» գլխամասի աշխատակիցների միջև:
Այս երկու պահանջները ոչ միայն մեզ համար են շահավետ, այլ նաև «Կարֆուրին»: Մեզ մոտ շրջանառվում են լուրեր, որ «Կարֆուրը» ներմուծելու է միմիայն իր սեփական արտադրության արտադրանքը, բայց նման բան չի կարող լինել: «Կարֆուրը» բոլորի նման պայմանագրային հիմունքներով համագործակցում է արտադրողների և մատակարարների հետ: Եվ ամենակարևորը, որ «Կարֆուրի» 78% ապրանքը ներմուծվում է այն երկրներից, որտեղ կան իրենց խանութները: Այսինքն՝ հայկական արտադրանքը կարող է սպառվել «Կարֆուրի» ցանցերում, իսկ դա նշանակում է արտահանել 33 երկիր, մատակարարել 9994 խանութի, որտեղ աշխատում է 360.000 մարդ: Սա մի հնարավորություն է, որ տեղական արտադրողները պետք է երազեն: Բայց այս ամենը այդքան էլ հեշտ ճանապարհ չէ, իսկ «Կարֆուրը» ունի պահանջներ, դրանք հիմնականում որակի և կառավարման պահանջներ են /HACCP, ISO/: Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, բայց ցավոք դրանք շատ չեն: Բայց համոզված եմ՝ երբ արտադրողները ունենան հնարավորություն մատակարարելու «Կարֆուրի» ցանցերին, ապա նրանք կներդնեն այդ համակարգերը: Իսկ տեղական արտադրողները բողոքելու փոխարեն թող վարձեն գրագետ մենեջերների, որոնք կկարողանան ներդնել այդ համակարգերը և կկարողանան կապեր հաստատել արտերկրի մեծ սուպերմարկետների ցանցերի հետ, այլ ոչ թե միայն քննադատեն կառավարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել