Նիկոլի կուսակցությունից մնաց 20 տարվա չիրագործված ծրագիր

«Քաղաքացիական պայմանագիրը» դեռ 20 տարվա իրագործելու ծրագիր ունի, բայց ռեսուրս արդեն չունի: Կուսակցության անդամներն ընդամենը մի քանի ամիս առաջ վստահ հայտարարում էին առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչությունը կրկնապատկելու մասին: Սա դեռ քիչ է, մի բան էլ ասում էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ մեկի հետ դաշինք չեն կազմի, կմասնակցեն սեփական ցուցակով: Կուսակցությանը վերաբերող վերջին լուրերը, սակայն, մեղմ ասած, հուսադրող չեն. մեկ կուսակցության անդամներն են հեռանում, մեկ տարածքային գրասենյակներն են փակվում:

Այս կուսակցությունն առհասարակ առանձնապես ակտիվությամբ աչքի չէր էլ ընկնում, միակ դեպքը, թերևս, Հրազդանի քաղաքապետի ընտրությունն էր, թեպետ կուսակցության վարչության անդամ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը հաղթանակ չունեցավ: Պարզվում է՝ «մեղավորը» շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն է, քանի որ շտաբը պատշաճ քարոզարշավ չի իրականացրել: Համենայնդեպս, այս մասին հայտարարել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Շանթ Գրիգորյանը, ով ևս որոշել է հեռանալ «Քաղաքացիական պայմանագրից»:

Շ. Գրիգորյանը մատնանշել է ևս մեկ խնդիր. օրենքի պահանջով կուսակցությունը գրանցվելուց հետո 6 ամիսների ընթացքում պետք է ունենար ոչ պակաս, քան 2000 անդամ, սակայն վերջերս այդ թիվը չի գերազանցել 600-ը: Ներողություն, ի վերջո սա կուսակցությո՞ւն է, թե՞ ֆեյսբուքյան խումբ:

Կուսակցությունն իսկապես ծանր օրեր է ապրում, հեռացողները մի շարք խնդիրներ են մատնանշում, մնացողները՝ լռում: Այսքանից հետո, եթե անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները քաղաքական ուժի անդամների թիվը գերազանցի 2000-ը, միևնույն է, հաջողություն գրանցելը բավական բարդ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել