Վերջին շրջանում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, խանդավառվելով Մայր Աթոռի լռությամբ, ինչ-ինչ, միայն իրեն հայտնի նպատակներով վիրավորականքների հերթական շարանն է սկսել հրապարակել ընդդեմ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Հայ Եկեղեցու գահակալի և սպասավորների, իսկ որոշ լրատվամիջոցներ տուրք են տալիս այդ «աղմկահարույց» «բացահայտումներին»:
Եթե ինչ-որ մի պահի կարելի էր մտածել նախաձեռնության բարի և արդար նպատակների ու հետևողական նախանձախնդրության մասին, ապա յուրաքանչյուր հաջորդ նյութ փաստեց, թե նախաձեռնությունը սոսկ գործիք է որոշ ուժերի ձեռքին` տարբեր ժամանակներում և հանգամանքներում կեղծ շահարկումներով ու վայրահաչությամբ ըստ անհրաժեշտության ներազդելու հասարակական որոշ ընկալումների վրա: Նախաձեռնության հեղինակները, անտեսելով իրենց կողմից մատնանշվող «խնդիրների» վերաբերյալ բազմիցս հնչեցված պարզաբանումները, անկաշկանդ կերպով լուտանքներ և անձնական վիրավորանքներ են հասցնում: 
Ով ականջ ունի` կլսի, ով աչք ունի` կտեսնի: Մինչդեռ տերունական այս խոսքով չէ, որ առաջնորդվում է այդ երիտասարդությունը, որ, աչք փակելով Վեհափառ Հայրապետի գահակալության շրջանում հարյուրավոր սրբավայրերի վերականգնման ու կառուցման իրողության ու իրականացվող հսկայական սոցիալական, կրթական ու քարոզչական գործունեության վրա, փորձում է էժանագին տեսահոլովակներով ապատեղեկատվություն տարածել և շփոթմունք ստեղծել հասարակության մեջ: 
Դատապարտելով այսօրինակ չարամիտ պահվածքը` հիշեցնում ենք տերունական այն խոսքը, թե «Քո սուր ետ դիր իր տեղը, որովհետև, ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Մատթ. 26.52). «Չենք լռելու»-ի կողմից հասցվող վնասն աղետալի և վարկաբեկիչ է հենց նախաձեռնության համար:

Վահրամ քահանա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել