Անցնող երկուշաբթին շաբաթվա կամ ամսվա մյուս օրերից առանձնապես տարբերվելու նշաններ ցույց չէր տա, եթե, իհարկե, չլիներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը. հունվարի 21-ը 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրն է։ 
Իսկ իրականում Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների համար գրեթե ոչինչ չասող, շարքային օր՝ անսպասում, անտարբեր, հոգսաշատ։ 
Տանից դուրս գալիս շենքիս պատին նկատում եմ գործող նախագահի մեծադիր նկարն ու մի կարճ պահ տարակուսելուց հետո գլխի ընկնում՝ հա, քարոզարշավն է սկսվել։ 
Մի քիչ տարօրինակ, մի քիչ զվարճալի, իսկապես տխուր ու հաստատ վիրավորվելու չափ ապոլիտիկ ստացվեցին այս ընտրությունները։ Գուցեև դրսից տպավորությունն այլ լինի, ինչո՞ւ տարօրինակ, տխուր կամ զվարճալի՝ ի վերջո ութ թեկնածուներ են ընդգրկված «ընտրապայքարում»` ՝ նախկին վարչապետ, արտգործնախարար, Ամենայն Հայոց քաղբանտարկյալ ու ինքնորոշման մարտիկ, էպոսագետ, նախագահի երկու հավերժական թեկնածուներ, որոնց բոլոր նախորդ ընտրապայքարների միասնական ցուցանիշը 1% -ից չի անցնում, և մի անկուսակցական ակտիվիստ, որն այն գլխից, արդարացիորեն համոզված լինելով, որ ընտրությունները Հայաստանում իշխանություն ձևավորելու գործիք չեն, քարոզարշավն սկսել է հացադուլով՝ նախագահի նստավայրից հարյուր մետր հեռավորության վրա ընտրելով հացադուլի վայր։
Ասում եմ «ընտրապայքար» ու ցավում, հաստատ ցավում եմ. գրեթե ինքնաոչնչացման ու փոխադարձ արժեզրկումի այս կացության համար, ու մտքիս մեջ տրոփում է Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի պատկերը։ Ախր ինչպե՞ս չտրոփի, երբ քարոզարշավը չսկսված՝ երկուսը հրաժարվում են պայքարից, մեկը հացադուլ է անում, մյուսը հայտարարում է, որ մի քանի օրից մի երկու օրով կմիանա հացադուլին, մյուսի շտաբի պետը, որ նաև զոքանչն է, դեռ որոշում չի կայացրել, իսկ էպոսագետ-թեկնածուն, որ հաստատ գիտի, որ «Վերևում Աստված կա», քարոզարշավին հետևում է հեռուստացույցով։ «Ընդամենը 100 քայլ». համոզված է երկիրը մի անգամ տնտեսական անկումի մատնած նախկին վարչապետը, դե Րաֆֆին էլ սովորույթի համաձայն քայլում է, քայլում…հորդորելով՝ «Միասին հնարավոր է»։
Սերժ Սարգսյանի քարոզարշավում այլևս փուչիկներ չկան, բոլոր փուչիկները վաղուց «դավադրաբար» պայթել են (պարզվում է հելիումը պայթում է), ու հավանաբար նաև սա է պատճառը, որ նա այս անգամ «Ապահով Հայաստան» է խոստանում։ Ու խոսում է, խոսում նախագահը, խոստանում… Ո՞վ գիտե, գուցե ինքն իրեն լսի, շատ լսի, հավատա ու փոխվի, ու իսկապես ապահով Հայաստան ունենանք։ Հույսը վերջինն է մեռնում (այս մեկը Թումանյանից չէր)։
Իսկ EURONEWS- ի թղթակիցը, որ հաստատ Հովհաննես Թումանյան չի կարդացել ու համեմատելու եզրեր չունի, EURONEWS-ի պաշտոնական կայքում Հայաստանի նախագահական ընտրությունների մասին գրում է.

«Հայաստանում ընտրողները զրկվել են ընտրություն կատարելու հնարավորությունից։ Հայաստանցիները փետրվարին նոր նախագահ պիտի ընտրեն, բայց գործող նախագահն արդեն կարելի է ընտրված համարել։ Նրա երկու հիմնական հակառակորդների ընտրապայքարին չմասնակցելու որոշումը Սերժ Սարգսյանին երկրորդ անգամ նախագահ դառնալու անվրեպ հնարավորություն են տալիս»։
Մեր քաղաքական իրողություններում տրամաբանություն կամ քաղաքագիտական բացատրություններ գտնելու ցանկությունն այնքան մեծ է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչի մոտ, որ վերջինս, խախտելով ներքաղաքական զարգացումներին չմիջամտելու դիվանագիտական էթիկետը, իր անձնական բլոգում անդրադարձել է մեր ընտրություններին։ Հաստատ տիկին Լիչն էլ չի կարդացել Թումանյան ու մեր ազգային խառնվածքին ոչ քաջածանոթի պես, զարմացած ու անկեղծ հարցեր է տալիս՝ թե որոնք են ընտրություններին չմասնակցելու հնարավոր պատճառները, արդյոք որոշներն ընդդիմադիր են, որոշներն ավելի ընդդիմադիր, ինչպես կարելի է ընտրություններին չհավատալ, բայց մասնակցել 2008-ի և 2012-ի ընտրություններին։
Իսկ Հայաստանում՝ ինչպես Հայաստանում։ «Gallup» սոցիոլոգիական ընկերությունը հրապարակում է ընտրությունների արդարության վերաբերյալ 125 երկրներում անցկացրած ուսումնասիրության արդյունքները։ Հայաստանն ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է: Ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում, Մոնղոլիայում, ապա` Հայաստանում:
Այսօր քարոզարշավի հինգերորդ օրն է՝ մի քիչ տարօրինակ, մի քիչ զվարճալի ու հաստատ վիրավորվելու չափ ապոլիտիկ։ Այս բոլորը մենք ենք՝ դերակատար, մասնակից, պարտված ու արժանի…. 

Բագրատյանը շարունակում է համոզել, Րաֆֆին՝ հորդորել, Սարգսյանը՝ խոստանալ:
Եվ ի՛նչ հեշտ է թվում ամեն ինչ. Ընդամենը հարյուր քայլ, և Միասին հնարավոր է Ապահով Հայաստան, հա՝ մանավանդ որ Վերևում Աստված կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել