Տխրում եմ, տխրում մեր պետականության համար, թեև վաղուց արդեն մեր իրականությանը խորթ չեն թե՛ պսևդոկուսակցություններից առնետավազքը, թե՛ կերակրատաշտին մոտ դիրքավորվելու արդեն ազգային դարձած վարքագիծը։  Անկախության, այո, զարմանալիորեն հենց անկախության 20 տարիներին ամեն ինչ արեցինք արժեզրկելու քանի-քանի սերունդների համար փայփայելի գաղափարներ, պետականության ինստիտուտները։ Թերևս կարելի էր ըմբռնումով մոտենալ, մտածել թե ժամանակը կարճ էր, մի քիչ էլ համբերենք ու ամեն ինչ լավ է լինելու, ու այսպիսի ամոքիչ բաներ։ Կարելի էր, իհարկե, եթե երեսպաշտությունն ու կեղծիքն այդքան ցինիկ ու անմաշկ չլինեին։ Եթե գոնե բարեպաշտության, մրցունակության, սոցիալական ու իրավական պետության մասին հեքիաթները, համառորեն վերահսկվող լրատվամիջոցներից այդպես առատորեն չլցվեին մեր ականջներն ու տները։ Քաղաքական, բարոյական և, առհասարակ, նշաձողն այնքան է ընկել ու չափանիշերն այնքան այլասերվել, որ շատերին թվում է թե ասենք օրիգինալ արտաքինը, հիպի լինելը (նույնիսկ այդ չեն), բազմաչարչար Նժդեհի անունը վեց անգամ կարդալ-լսելը կամ “մառշռուտնու” մի երկու զավթած գիծ ունենալն արդեն բավարար է խորհրդարանում հայտնվելու համար։ Մարդիկ տոնավաճառի պես, անթաքույց (սասունցի պապս կասեր անաբուռ) ինքնամատույց են լինում, ձայն (նույնն է թե մարդ) առնում։ Եթե անկեղծ, երբեմն մտածում եմ՝ էս տեսակներն արժանի են միմյանց։  Բայց սիրտս ցավում է անանձնական ցավով, շատերի անունից, ու չեմ կարող չբղավել՝ էս բեռով ու՞ր ենք գնալու։ Մշակույթի մարդն և առհասարակ յուրաքանչյուր ոք, անշուշտ, իրավունք ունի քաղաքակության մեջ մտնել, եթե գաղափարներ ու քաղաքացիական կեցվածք, համոզում ու սկզբունքներ ունի։ Բայց այսօր տոմս, վաղը՝ մանդատ. Զոշչենկոյի կամ Իլֆի ու Պետրովի սարկազմն իսկ անզոր է ու թույլ։ Մի՞թե մենք չենք հասկանում, որ տգիտությունը, սուտն ու քծնանքը գետնաքարշ են պահելու մեզ` հավաքական ամբողջականության, պետականության մասին մտածելու օդ չթողնելով: Դառնորեն ճիշտ է Մաթևոսյանը` խարխափում ենք արևելյան աղբի ու արևմտյան դրախտի միջև… ու դեռ…  Տխուր է, գավառական…խղճուկ… Մարդիկ պիտի նախ պետությանը, հետո իրենց խնայեն։ Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է պատասխան տալիս իր հետագծի համար։ Սա իհարկե կայացած, քաղաքակիրթ ժողովրդավարություններում։ Իսկ Հայաստանում՝ ինչպես Հայաստանում։  Եվ ինչպես իմ պաշտելի պոետը կասեր.

ՈՒ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ

Զարմանալի թեթև, զարմանալի անդեմ՝

Մերկության պես տկլոր ու անանցյալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել