Երեկ, ապրիլի 12-ին, երկրի կառավարիչը իր խոսնակներից մեկի՝ Գևորգ Ալթունյանի միջոցով ուղերձ հղեց ժողովրդին: Մեկնաբանի ելույթը, բնականաբար, բխում էր բարձրագույն իշխանությունից: Այդ ուղերձը ոչ լավ է և ոչ վատ - այն բավականին դառն է: Ես այդ ուղերձի բովանդակային մասից ոչինչ այստեղ չեմ բերի: Դա անշնորհակալ գործ է: Մանավանդ՝ արյունով ու արիությամբ ձեռք բերած հաղթանակի ժամին:

Անցա ֆեյսբուքյան պատը - լրատվամիջոցները, կայքերը, քաղաքագետները, արմատական ընդդիմադիրները և այլք - ոչ ոք չի «նկատել» այդ ուղերձը: Ուրեմն, մենք այնքան «պրիմիտիվ ազգ» ենք, որ բացի արյունով հաղթանակ կորզելուց՝ չենք կարո՞ղ մի հասարակ տեքստ ու ենթատեքստ հասկանալ: Չէ՞ որ հաղթանակից բացի՝ մեզ նաև ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է պետք: Շտապ ու առաջնահերթ: Այդ դառը տեքստը կարդալ, հասկանալ և աշխատել է պետք: Ընդունել կամ մերժել է պետք:

Հայ հանրություն, չհպարտանաս, թե քո աչքն ու ականջը միայն հաղթանակի լուրեր լսելու համար են: Այդ հատկանիշդ ինձ մոտ հարգանք չի առաջացնում: Եվ էլի շատ բան կա, որ հարգանք չի ներշնչում::Մեր հերոսների արյունը ինդուլգենցիա չէ՝ պարտակելու մեր կուրությունը և խլությունը: Կյանքի մնացած ճակատներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել