Արդեն սովորական երևույթ է դարձել այն, որ Նեմեցի գլխին ինչ փչի, այն էլ կանի ֆուտբոլի ասպարեզում ու նրան դրա համար ոչ մի լիազորություններով օժտված անձ ոչինչ չի ասի։ Ընդ որում, Նեմեցի համար իրոք ոչինչ խնդիր չի թվում։ մի օր կարող է լրագրողներին ասել, որ ինքը չի խառնվում հավաքականի գործերին ու նրան, թե որ ֆուտբոլիստներին պետք է հրավիրել, իսկ մի քանի ամիս անց, դեմքի նույն մռայլ արտահայտությամբ նույն լրագրողների մոտ կհայտարարի, որ մարզիչն ուզում էր այդ 3 ֆուտբոլիստներին հրավիրել, բայց ինքն է արգելել։

Խնդիրը սակայն նեմեցը չի, որպես այդպիսին, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ինչ արհավիրք է նա մեր ֆուտբոլի համար ու քաջատեղյակ ենք, թե ինչ անառողջ ու ավտորիտար մթնոլորտ է նա ստեղծել հայկական ֆուտբոլում։ Առավել կարևոր եմ այս հարցում համարում Սպորտի և երիտասարդության նախարարության ավանդապես պասիվ ու իներտ կեցվածքը, ասես ֆուտբոլն այլևս սպորտ չէ, այլ առանձին ինչ որ ոլորտ, որի հետ պետական այս գերատեսչությունը ոչ մի կապ չունի։

Սրա լավագույն առհավտչյան Սպորտի և Երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի կեցվածքն է, ով սկզբում հայտարարում է, որ մարզիկներին Ազգային հավաքական հրավիրել-չհրավիրելը մարզչական խորհրդի գործառույթն է, իսկ երբ նրան ասում են, որ Նեմեցը ինքն էէ հայտարարել, որ արգելել է հրավիրել ֆուտբոլիստների, նա միանգամից հայտարարում է, որ ոչ տեսել է, ոչ լսել է, ոչ էլ պատրաստվում է մեկնաբանել նման հայտարարությունը։

Կներեք, այդ դեպքում ինչի՞ համար է աշխատավարձ ստանում պարոն ղազարյանը, եթե առավել ակտուլ սպորտային խնդրի շուրջ անգամ սեփական դիրքորոշումն արտահայտելու վճռականություն չունի։ Ինչի՞ համար է առհասարակ պետք Սպորտի հարցերով զբաղվող նախարարություն, եթե փաստացի տեսնում ենք մի իրավիճակ, երբ ֆեդերացիայի նախարարը կարող է ցարիբոգ խաղալ, իսկ պետական պատկան մարմինը վախենա ծպտուն հանել։

Նեմեցական կարգերը պետք է սասանվեն ու սա ամենևին էլ քաղաքական հարց չէ։ Քանի դեռ Նեմեցը իր ճիրանների մեջ է պահում ոլորտը, այն երբեք չի զարգանա և այս հարցում միայն բոյկոտներն ու քաղաքացիական դաշտում ընդվզելը բավարար չեն։ գործին պետք է լծվի նաև նախարարությունը ու ինստիտուցիոնալ հենք լինի բոլոր նրանց համար, ովքեր ուզում են նեմեցազերծել ամենամասսայական մարզաձևի հայկական սեգմենտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել