Այսօր կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց մի շարք որոշումների մեջ՝ սահմանելով կենսաթոշակների, նպաստների, չաշխատող մայրերին տրամադրվող նպաստների, սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարներն իրականացնելու բացառապես անկանխիկ եղանակը:
Ներկայումս նշված գումարները վճարվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Ընդ որում, կանխիկ միջոցով վճարման դեպքում ՀՀ պետական բյուջեից վճարվում է 1 տոկոս միջնորդավճար (ծառայությունների վճար):

Նշված մեխանիզմն է գործում նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաև չաշխատող մայրերին տրամադրվող նպաստների, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների դեպքում:
2015 թվականին միայն թաղման նպաստի գումար կանխիկ եղանակով վճարվել է շուրջ 4.1 մլրդ. դրամ: Իսկ չաշխատող մայրերի համար նախատեսվում է տրամադրել շուրջ 4 մլրդ. դրամ: Ըստ այդմ, պետական բյուջեից, որպես ծառայությունների վճար, ծախսվել է շուրջ 41 մլն. և համապատասխանաբար՝ 40 մլն. դրամ:

Կարևոր հանգամանք է այն, որ խնդրո առարկա ծառայությունները բանկերը մատուցելու են անվճար: Փոփոխություններ են արվել նաև այդ ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ:
Ինչպես հայտնի է, խնայված գումարը վաստակած գումար է, ինչն էլ ողջունելի է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Ընդունված որոշումները միտված են նաև մատուցվող ծաառայությունների որակի բարձրացմանը, հնարավոր կոռուպցիոն դրսևորումների չեզոքացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել